«Առանց Նիկոլի Հայաստան»․ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել էին Մոլդովական-Թոթովենց խաչմերուկը (տեսանյութ)

13:00 • 11.12.20

Քաղաքացիները Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա են անում Երևանում։ Նրանք վանկարկում են «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան»։ Քաղաքացիների անհնազանդության ակցիաների շրջանակում պարբերաբար փակում են Երևանի տարբեր փողոցներ, այդ թվում՝ Մոլդովական-Թոթովենց խաչմերուկում։

Նշված հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր էին հավաքվել, և ոստիկանությունը երեք րոպե ժամանակ տվեց ակցիայի մասնակիցներին, որից հետո հեռացրեց նրանց տարածքից:

«Դավաճանը մեր երկրում տեղ չունի, իրենք ծախել են հողերը»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը և կոչ արեց միանալ:

«Ինքը հասկացող չէ, ինձ թվում է՝ շատ դաժան հեռացնելու մեթոդով իրեն կարելի է պոկել աթոռից, ես չեմ տեսնում, որ այս միջոցներով հնարավոր է իրեն հեռացնել: Պետք է նրան հեռացնել, որ հետագայում ոչ մեկը չհամարձակվի դավաճանել երկիրը»,-ասաց մեկ ուրիշ մասնակից:

Նշենք, որ լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Այդ պահից սկսած՝ նրանք անհնազանդության ակցիաներ են անում Երևանի տարբեր հատվածներում։ Նշենք, որ այսօր տեղի կունենա նաև «արժանապատվության երթ»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։