Հայկական կողմը բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին՝ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրենց գործառույթն իրականացնելու համար․ Մանե Գևորգյան

20:37 • 12.12.20

Հայկական կողմը գրավոր եւ բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը եւ այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով Հադրութի Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ ադրբեջանական հարձակմանը։

Ավելի վաղ Մանե Գևորգյանը գրել էր, որ ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին:

«Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է»,-գրել էր նա:

Հիշեցնենք, որ այսօր ՊԲ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Այսօր արդեն ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ»: