Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ևս 650 փախստական
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներին տեղափոխող ավտոբուսների հերթական շարասյունը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ հաղորդագրությունը:
«Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ այսօր տեղափոխվել է 634 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նախարարությունից մասնավորեցրել են, որ ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում 23 դիտակետերում:
Խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, մարդասիրական աջակցություն են տրամադրում, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել շուրջ 38 500 փախստական:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:










