Էմանուել Մակրոնի վիճակը կորոնավիրուսով վարակվելուց հետո կայուն է. Ելիսեյան պալատ  

18:38 • 19.12.20

Ֆրասիայի նախագահ Էմանուել Մակրոնը շարունակում է աշխատել՝ չնայած կորոնավիրուսով վարակված լինելուն, նրա վիճակը կայուն է: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին շաբաթ հայտնել են Ելիսեյան պալատից:

«Նախագահի վիճակը կայուն է ուրբաթ օրվա վիճակի համեմատ: Նրա մոտ նույն ախտանշաններն են (հոգնածություն, հազ, ցավ), որոնք որևէ կերպ չեն խանգարում նրան կատարել իր գործառույթները: Նախագահական բուժանձնակազմը կանոնավոր կերպով կատարում է կլինիկական և պարակլինիկական հետազոտությունները: Դրանց արդյունքները հուսադրող են»,- հայտարարել են նախագահի վարչակազմից:

Հիշեցնենք, որ հինգշաբթի Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Մակրոնը կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել: Ֆրանսիացի նախագահն ինքնամեկուսացել է և շարունակում է աշխատել հեռակա կարգով: Նա ինքնամեկուսացել է քաղաքից դուրս գտնվող իր նստավայրում:

Նշենք, որ Ֆրանսիայում վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2 442 990-ի, իսկ հիվանդությունից մահացածներինը՝ 60 229-ի: Կորոնավարակակիրների թվով Ֆրանսիան հինգերորդն է ողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բրազիլիայից և Ռուսաստանից
հետո: