Բայդենը ԿՀՎ տնօրենի նախկին տեղակալին կրկին կնշանակի նույն պաշտոնում
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ԿՀՎ տնօրենի նախկին տեղակալ Դեյվիդ Քոհենին վերստին առաջադրել է Միացյալ Նահանգների հետախուզությունում ունեցած իր պաշտոնում, հայտնում է REUTERS լրատվական գործակալությունը:
Դեյվիդ Քոհենը զբաղեցնում էր Կենտրոնական հետախուզական վարչության փոխտնօրենի պաշտոնը 2015-2017 թվականներին`Բարաք Օբամայի նախագահության շրջանում, երբ Բայդենն զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը:
«Քոհենն ազգային անվտանգության, ֆինանսների և իրավունքի փորձագետ է», - ասվում է Բայդենի անցումային խմբի կողմից տարածված հայտարարության մեջ՝ նշելով, որ նա ղեկավարել է նոր տեխնոլոգիաների հատուկ նախագծերը և ԿՀՎ առաքելությունն առաջ տանելու նպատակով գերզանց աշխատանք է կատարել ընկերությունների հետ:










