«ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն Աֆղանստանում հասել է 19 տարվա ընթացքում ռեկորդային ցածր մակարդակի». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունն Աֆղանստանում հասել է 19 տարվա ընթացքում ռեկորդային ցածր մակարդակի, հայտնում է eadaily.com կայքը:
Գործող նախագահի խոսքով՝ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայությունը վերջին տարիներին նույնպես իջել է ռեկորդային ցածր մակարդակի:
«Ես միշտ փորձել եմ դադարեցնել անվերջ պատերազմները: Ինձ համար մեծ պատիվ էր վերակառուցել մեր ռազմական ուժերը և աջակցել ռազմական համազգեստ հագած մեր խիզախ տղամարդկանց ու կանանց», - ասված է Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ: Նախագահը հավելել է, որ իր կառավարման ընթացքում 2,5 տրիլիոն դոլար է ներդրվել ԱՄՆ-ի պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ներառյալ ԱՄՆ-ում արտադրված նոր զենքերի արդյունաբերությունը:
Հունվարի 12-ին Պենտագոնի պաշտոնյաները Reuters-ին տված հարցազրույցում ասել էին, որ ԱՄՆ-ի զինված ուժերը չեն դադարեցրել զորքերի դուրսբերումը Աֆղանստանից ՝ չնայած ԱՄՆ-ի պաշտպանության բյուջեի մասին օրենքի պահանջներին, որոնք արգելում են զորակազմի հետագա կրճատումներն առանց այդ քայլի ռիսկայնությունը Կոնգրեսում գնահատելու:
Նոյեմբերին Պենտագոնը հայտարարել էր, որ հունվարի կեսերին, Աֆղանստանում ԱՄՆ-ի զորքերի թիվը 4500-ից կիջեցնի 2500-ի, իսկ այս ամիս Կոնգրեսն ընդունել է «Պաշտպանական բյուջեի մասին» օրենք, որն արգելում է օգտագործել 2020 և 2021 թվականների ֆինանսավորումը`ԱՄՆ-ի զորքերի թիվը 4000-ից ներքև իջեցնելու նպատակով` մինչև Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը Կոնգրեսին ներկայացնի նման կրճատման ռիսկերն ու հետևանքները:
Ամերիկյան «Նիմից» ավիակրին հանձնարարվել էր վերադառնալ Պարսից ծոց՝ ապահովելու Իրաքից և Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուսբերման ժամանակ նրանց անվտանգությունը:
Ըստ որոշ փորձագետների, այս որոշման դրդապատճառն իրանական ուղղությամբ սպասվող սրացումներն են` հաշվի առնելով վերջին շաբաթների ընթացքում երկու երկրների միջև ավելացող լարվածությունը:










