Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» խորագրով մուլտիմեդիա ցուցադրությունը

12:04 • 15.01.21

Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» խորագրով մուլտիմեդիա ցուցադրությունը։ Տուն-թանգարանի  այցելուները կարող են նոր տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ Էրմիտաժի կենսագրության համար շրջադարձային համարվող դրվագին և տեղեկանալ, թե ինչպես Հովսեփ Օրբելու՝ Ստալինին ուղղված նամակի շնորհիվ կանխվեց Էրմիտաժի գանձերի վաճառքը։ Այդ քայլով  նա փրկեց և սերունդներին հանձնեց համաշխարհային մշակույթի գլուխգործոցները, որոնց հետ այսօր  հաղորդակցվում են Էրմիտաժի այցելուները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Էրմիտաժի գանձերի փրկությունը» ծրագրի՝ մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ իրականացված յուրօրինակ լուծումները թանգարանի ցուցադրությունը դարձրել են առավել գրավիչ` հետաքրքիր ձևաչափով ներկայացնելով  Հովսեփ Օրբելու կատարած սխրանքը:

Նշենք նաև, որ ցուցադրությունը ստեղծվել է «Մեդիա նախաձեռնություններ» կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակում։