Իտալիայում կրկին կառավարական ճգնաժամ է. խորհրդարանը վարչապետ Կոնտեի կառավարությանը վստահություն հայտնելու հարցով քվեարկություն կանցկացնի
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հունվարի 19-ին ելույթ կունենա խորհրդարանի ստորին պալատում կառավարական ճգնաժամի թեմայով, որն ի հայտ է եկել իշխող կոալիցիայից «Կենդանի Իտալիա» կուսակցության դուրս գալու հետևանքով, հաղորդում է ТАСС-ը:
Հաղորդվում է, իրավիճակի վերաբերյալ ելույթներից հետո կառավարությանը վստահություն հայտնելու հարցով քվեարկություն է անցկացվելու:
Իրավիճակն առավել խնդրահարույց է Սենատում, որտեղ առանց «Կենդանի Իտալիա» կուսակցության սենատորների 10 ձայն է պակասում իշխող մեծամասնությանը: Հավանական է համարվում այն տարբերակը, որ կոալիցիոն ուժերը բաց մնացած տեղերը փորձեն լրացնել խորհրդարանում ներկայացված ուժերից դուրս եկած առանձին խորհրդարանականներին իրենց կողմը գրավելու միջոցով, որոնք պատրաստ կլինեն աջակցել Կոնտեի կառավարությանը:
Կոալիցիան լքած «Կենդանի Իտալիա» կուսակցության ղեկավար և նախկին վարչապետ Ռենցին հայտարարել է՝ եթե երրորդ ուժեր ներգրավվեն հօգուտ Կոնտեի, ապա իր ղեկավարած քաղաքական ուժը որպես ընդդիմություն կդիրքավորվի ու վստահություն չի հայտնի Կոնտեի կառավարությանը: Հակառակ կողմից Ռենցիին մեղադրում են կառավարական ճգնաժամ հրահրելու և համավարակի պայմաններում անպատասխանատու վարքագիծ ցուցաբերելու համար:










