Ղրիմ է մատակարարվել «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի ավելի քան 8000 չափաբաժին

17:15 • 15.01.21

Ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի ավելի քան 8 հազար չափաբաժին է մատակարարվել Ղրիմ, արդեն իսկ պատվաստվել է 602 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հունվարի 15-ի դրությամբ, Ղրիմը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի 8042 չափաբաժին: Փետրվարի վերջին սպասվում է ևս 84 000 դեղաչափի մատակարարում», - լրագրողներին հայտնել են առողջապահության նախարարությունից:

Գերատեսչության տվյալներով՝ հունվարի 15-ի դրությամբ, Ղրիմում 602 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Նրանցից 149-ը երկրորդ չափաբաժինը ևս ստացել են: Բոլոր նրանք, ովքեր պատվաստվել են, հսկողության տակ են: Այս պահի դրությամբ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ բողոքներ չեն գրանցվել:

Հիշեցնենք՝ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստումները Ղրիմում սկսվել են 2020 թվականի դեկտեմբերի 15-ին: Թերակղզու բժշկական հաստատություններում ստեղծվել են պատվաստումներ իրականացնող 31 կետեր: