ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարը հավաստիացրել է, որ Բայդենի երդմնակալության օրն անվտանգությունը պատշաճ կերպով կապահովվի
ԱՄՆ իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայությունները վստահ են, որ Կապիտոլիումի մուտքի մոտ ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի՝ հունվարի 20-ին նախատեսված երդմնակալության արարողության անվտանգության ապահովման մշակված պլանն արդյունավետ կլինի, հայտարարել է ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Ջեյմս Մյուրրեյը, հաղորդում է ТАСС-ը:
«ԱՄՆ Գաղտի ծառայությունը պատասխանատու է նախագահի, փոխնախագահի անվտանգության ապահովման համար, այժմ մենք խոսում ենք բոլորի՝ Կոնգրեսի անդամների, աշխատակիցների անվտանգության ապահովման մասին: Ինչու՞ հունվարի 6-ին տեղի ունեցածը չի կրկնվի երդմնակալության օրը. որովհետև մենք մի քանի ամիս է՝ նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում, և համոզված ենք, որ մեր մշակած պլանը կաշխատի»,- ասել է Մյուրրեյը գործող փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 5 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել:










