Մանկավարժական համալսարանում կայացավ միաժամանակ 4 գրքի շնորհանդես
Գիտական հանրությանը, ուսանողներին և դասախոսներին ներկայացվեց «Ներառական կրթության ռազմավարություն» դասագիրքը, «Մեդիատեխնոլոգիաները տարրական դպրոցի մանկավարժական գործընթացում» ուսումնամեթոդական ձեռնարկը, «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրները» և «Հատուկ կրթության հայկական ամսագիր» գրախոսվող միջազգային անգլալեզու պարբերականները:
ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ողջունեց շնորհանդեսի մասնակիցներին և, ներկայացնելով բուհի գիտական ձեռքբերումները, ևս մեկ անգամ կարևորեց ակադեմիական շրջանակներում միջազգային կապերի ընդլայնումը: Նա կոչ արեց հետևել հաջողված փորձերին, մասնավորապես վերջին` ՀՊՄՀ-ի և Մինեսոտայի համալսարանի համագործակցության օրինակին, որի արդյունքում ստեղծվեց բացառիկ դասագիրք. այն միակն է հանրապետությունում իր ձևի ու բովանդակության մեջ և խիստ կարևոր` համընդհանուր ներառականության ճանապարհին:
«Խնդիրները դժվար են, բայց հաղթահարելի: Պետք է նկատի ունենալ, որ նման արդյունքները ճանաչելի են դարձնում երկիրն ու նրա գիտական ներուժը: Սա ակադեմիական փոխհարաբերությունների դրական և օրինակելի արդյունք է»,-նշեց ռեկտորն ու հույն հայտնեց, որ ձեռնարկներն ու պարբերականները կկիրառվեն նաև գործնականում և կունենան շոշափելի արդյունքներ:
«Ներառական կրթության ռազմավարություն» դասագրքի խմբագիր Մարիաննա Հարությունյանը, խոսելով դասագրքի ստեղծման մասին, ընդգծեց` այն անդրադարձ է ներառական կրթության, հանրակրթության առջև ծառացած ժամանակի մարտահրավերներին`մեր երկրում իրականացվող բարեփոխումների համապատասխանությամբ: «Իր տեսակի մեջ բացառիկ այս դասագիրքը ևս մեկ քայլ է ներառական կրթության կազմակերպման գործում` օգնելու կրթության ոլորտի մասնագետներին նախադպրոցական, դպրոցական և բուհական միջավայրերում»,-նշեց նա և հույս հայտնեց, որ այն կլինի կիրառելի և կունենա ցանկալի արդյունքներ:
ՀՊՄՀ-ի պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն էլ անդրադարձավ «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրները» և «Հատուկ կրթության հայկական ամսագիր» գրախոսվող միջազգային անգլալեզու պարբերականներին` ընդգծելով դրանց համապատասխանությունը արդի ժամանակներում գիտության առջև դրված պահանջների տեսանկյունից:
«Գիտական հանրության առջև շարունակում է դրվել նոր պահանջներ ու չափանիշներ, որոնք հնարավորություն են տալիս ճանաչելի լինել միջազգային հանրության համար: Այդ պահանջներին համապատասխանելու համար պետք է ընտրել գիտական հանրության հետ երկխոսելու տարբերակը»,-նշեց պրոռեկտոր Գևորգյանն ու հավելեց, որ վերոնշյալ 2 ամսագրերն արդեն իսկ ներգրավված են միջազգային 6 հեղինակավոր շտեմարաններում, իսկ հետագայում հավակնում են ընդգրկվել նաև գիտաչափական շտեմարաններում:
«Մեր հիմնական առաքելությունն է օգնել ազգային դպրոցին, ուսուցչին, ուսումնասիրել նրա ժամանակակից հիմնախնդիրները, տալ դրանց լուծումներն ու մանկավարժագիտությունը հասցնել դպրոց»,-նշեց մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը` խոսելով «Մեդիատեխնոլոգիաները տարրական դպրոցի մանկավարժական գործընթացում» ուսումնամեթոդական ձեռնարկի մասին:
Պրոֆեսորը նկատում է, որ ՀՊՄՀ-ի Մանկության հիմնախնդիրներն ուսումնասիրող լաբորատորիայի հետազոտությունների արդյունքներով համացանցը մեծացնում է երեխաների խոցելիությունը վտանգների և վնասների նկատմամբ` անձնական տեղեկատվության ոչ տեղին օգտագործումից մինչև վնասակար բովանդակությամբ նյութերի հասանելիություն և այլն: Նա այն կարծիքին է, որ թվային աշխարհում մանկավարժների ու ծնողների խնդիրը պետք է լինի չեզոքացնել վնասները` միևնույն ժամանակ առավելագույնի հասցնելով համացանցի առավելությունները յուրաքանչյուր երեխայի համար:










