Հունվարին թուրքական ինքնաթիռները 128 անգամ խախտել են Հունաստանի օդային սահմանը
Անցյալ ամիս թուրքական ինքնաթիռներն առանց թույլտվության Հունաստանի օդային տարածք են ներխուժել 128 անգամ, հայտնում է հունական To Vima թերթը:
Խախտումներն արվել են 73 ինքնաթիռների կողմից, որոնց թվում եղել է զենք տեղափոխող յոթ մարտական ինքնաթիռ: Այս մասին տեղեկացրել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը: Հայտարարության մեջ նշված է, որ ինքնաթիռները չեն կարողացել ներկայացնել անհրաժեշտ թռիչքային պլաններ: Բացի այդ օդային երթևեկության կանոնների լրացուցիչ 66 խախտում է եղել և վեց թռիչք Հունաստանի կղզիների վրայով:
Թուրքիան և Հունաստանը տասնամյակներ շարունակ վիճում են Էգեյան և Միջերկրական ծովում գտնվող տարածքների, ինչպես նաև ծովային սահմանների շուրջ:
Հունաստանի և Թուրքիայի միջև անցյալ շաբաթ վերսկսվել են՝ իրենց տարածքային տարաձայնությունների վերաբերյալ բանակցությունները, որոնք ավելի քան չորս տարի դադարեցված էին: Հաջորդ երկկողմ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի վերջին կամ մարտին ՝ Եվրամիության գագաթնաժողովին ընդառաջ: Այս մասին անցյալ շաբաթ հաղորդել է հունական Kathimerini օրաթերթը:
Հունվարի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանին մեղադրել էր Էգեյան ծովի շրջանում լարվածությունը բարձրացնելու և Թուրքիայի օդային տարածքը խախտելու, ինչպես նաև Հունաստանի կղզիների շրջանում, ինչպես ինքն է ասում, անօրինական գործողություններ կատարելու համար:










