Ինձ զարմացնում է` չկա՞ մեր երկրում մեկ այլ դատավոր, որը Ձեզանից ավելի շատ ենթարկվող է. Յուրի Խաչատուրովը` Աննա Դանիբեկյանին (տեսանյութ)

15:27 • 02.02.21

Ինձ զարմացնում է մի փաստ՝ չկա՞ մեր երկրում մեկ այլ դատավոր, որը Ձեզանից ավելի ենթարկվող է, քան Դուք, և մենք ռիսկի ենք գնում Ձեզանից ինքնաբացարկ պահանջելով: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի ունեցող դատական նիստին ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ։

«Ես Ձեզանից տարիքով մեծ եմ և խորհուրդ եմ տալիս՝ երբ Դուք հեռանաք խորհրդակցական սենյակ, այնտեղ եթե կա հայելի` ավելի լավ, եթե չկա, կարգադրեք, որ ապահովեն, հանեք Ձեր դիմակը, նայեք հայելու մեջ»,-ասաց նա և կոչ արեց հիշել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի հայտարարությունները միջնորդություն  ներկայացնելիս:

«Շատ հնարավոր է, չնայած ես կասկածում եմ, բայց եթե հանկարծ որոշեք հեռանալ այս գործից և դադարեք մեր գործով դատավոր լինելուց, այդ դեպքում Դատախազությունը կարող է Ձեզանից նեղանալ, բայց ես խոստանում եմ, որ նման դեպքում կխնդրեմ իմ փաստաբանին լինել Ձեր պաշտպանը այդ ժամանակ: Դուք երիտասարդ, գեղեցիկ կին եք, մտածեք Ձեր ապագայի մասին, առողջ եղեք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է առաջիկա նիստերից մեկի ժամանակ ներկայացնել վարչապետների միջնորդությունը։ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։