Ակնհայտ  է, որ որպես դատավոր կա կողմնակալ մոտեցում՝ պաշտպանվող կողմի նկատմամբ. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

16:30 • 02.02.21

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստի ժամանակ այսօր ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, դիմելով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին, ասաց, որ ակնհայտ  է, որ դատավորը կողմնակալ մոտեցում ունի, ինչի մասին է վկայում նաև այն, որ դատավորը Արմեն Գևորգյանին հնարավորություն չտվեց իր խոսքն ամբողջությամբ հնչեցնել՝ պատճառաբանելով, թե նրա խոսքում կարող է լինել քաղաքական տարր։

«Այս դատավարության ընթացքում, երբ սկսվել է «Մարտի 1»-ի հետ կապված գործը, կողմնակալ մոտեցում կա և մեր տեսակետն այն է, որ այստեղ քաղաքական հետապնդում կա: Ընտրված մեղադրյալներ կան, և ոչ ճիշտ կողմերի ներկայություններ, ես նկատի ունեմ՝ տուժող կողմի ոչ ճիշտ ընտրության, բանակի նկատմամբ նույնպես կողմնակալ մոտեցում և գեներալ Խաչատուրովի նկատմամբ նույնպես: Այս պարագայում, որպես պաշտպանվող կողմ պնդում ենք, որ սա քաղաքական հետապնդման արդյունք է: Ո՞վ է ասել, որ երբ ավարտվի դատավարությունը մենք չենք որակի սա քաղաքական հետապնդում  կամ կմերժվի, որպես քաղաքական հետապնդում որակելը, դեռևս պարզ չէ, և այս առումով ես գտնում եմ, որ ինքնաբացարկ ներկայացնելը իր մեջ կարող է պարունակել քաղաքական և իրավական տարր, չէ՞ որ պետք է ներկայացվի ձեր նկատմամբ բացարկի հիմք»,- նշեց նա:

Սեյրան Օհանյանը նաև դժգոհություն հայտնեց դատարանի կողմից պաշտպանվող կողմի նկատմամբ կիրառվող միջոցներին. «Մենք պաշտպանվող կողմ ենք, և չեմ հասկանում՝ ժամ եք նշել ու ասել՝ 5 րոպեի մեջ տեղավորվեք, մի գուցե իմ միտքը կարողանում եմ շարադրել 20 րոպեի ընթացքում: Ձեր կողմից կոնկրետ րոպեներ դնելը, բերում է նրան, որ այս ամենը քաղաքական հետապնդման արդյունք է»:

Նշենք, որ գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։