«ԱՄՆ-ն, ՌԴ-ն հարձակման են ենթարկվել և պարտվել պատերազմներում՝ չնայած միջուկային զենք ունեին». Քարնեգի հիմնադրամի փոխնախագահը՝ միջուկային զենքի՝ պատերազմի զսպման միջոց լինելու մասին
Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի ուսումնասիրությունների կենտրոնի փոխնախագահ Ջորջ Պերկովիչն ասել է, որ միջուկային զենքը որպես զսպման ռազմավարություն օգտագործելը պարտադիր չէ, քանի որ թե ԱՄՆ-ն և Խորհրդային Միությունը հարձակման են ենթարկվել և պարտվել պատերազմներում՝ չնայած, որ միջուկային ռումբեր են ունեցել: Այս մասին Պերկովիչն ասել է իրանական Tehran Times թերթին տված հարցազրույցի ընթացքում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրը ստորագրել է օրենք, որով վավերացվում է Միացյալ Նահանգների հետ հարձակողական սպառազինությունների վերահսկման հիմնական պայմանագրի ՝ New START-ի ժամկետի երկարացումը: Փաստորեն, ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենը, ևս հինգ տարով երկարացնելով Մոսկվայի հետ կնքված New START պայմանագիրը, ցույց է տվել իր ողջամտությունը, նշել է թերթը: Որոշ դիտորդներ կարծում են, որ Միացյալ Նահանգներն ավելին պետք է անի `ամերիկացիներին և ամբողջ աշխարհին հավաստիացնելու, որ ռացիոնալությունը վերադառնում է ԱՄՆ-ի միջուկային քաղաքականություն:
Փորձագետը կարծում է, որ միջուկային զենքը կարող է զսպման միջոց լինել լայնածավալ պատերազմների համար, սակայն միևնույն ժամանակ այն կարող է հրահրել ավելի ցածր մակարդակի պատերազմներ:
Պատասխանելով լրագրողի այն հարցին՝ արդյոք միջուկային զենք ունեցող մի քանի երկրների կողմից մյուսների նկատմամբ արգելք սահմանելը ճիշտ է, թե ոչ, Պերկովիչն ասել է, որ դա խնդրահարույց հարց է և հենց դրա համար էլ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում կոչ է արվում կրճատել և վերացնել միջուկային զենքը:
Ամբողջ աշխարհում կան միջուկային զենքից ազատ մի շարք գոտիներ, ինչպես օրինակ Լատինական Ամերիկան, Աֆրիկան, Հարավային Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանը, Կենտրոնական Ասիան, Անտարկտիդան, նշել է փորձագետը և հավելել. «Այն շրջաններում, որտեղ միջուկային զենք է տեղակայված, կարծում եմ, որ ներգրավված պետությունները պետք է զինաթափման վերաբերյալ փուլ առ փուլ բանակցություններ վարեն և հետևեն այդ պայմանավորվածությունների գործադրմանը»:
Անդրադառնալով ԱՄՆ-ում միջուկային զենքի կիրառմանը՝ փորձագետը նշել է, որ դրա կիրառման վերաբերյալ միանձնյա որոշում է կայացնում Միացյալ Նահանգների նախագահը, սակայն այս հարցի վերաբերյալ Կոնգրեսում մի շարք քննարկումներ են ընթանում: Իսկ ինչ վերաբերվում է միջուկային ռազմավարության մշակմանը, ապա շատ հարցեր որոշվում են Կառավարության մի շարք ստորաբաժանումների և Կոնգրեսի կողմից:










