Չինաստանում կեղծ պատվաստանյութի ավելի քան 3000 դեղաչափ է արտադրվել և իրացվել. ձերբակալվել է 80 մարդ

13:27 • 02.02.21

Չինաստանում իրավապահները ձերբակալել են ավելի քան 80 մարդու և առգրավել հակակորոնավիրուսային կեղծ պատվաստանյութի ավելի քան 3000 դեղաչափ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Նշվում է՝ երկրի Ցզյանսու և Շանդուն նահանգներում, ինչպես նաև մայրաքաղաք Պեկինում կեղծ պատվաստանյութի թողարկման ընդհատակյա կետեր են հայտնաբերվել ու ոչնչացվել:

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ 2020 թվականի սեպտեմբերից ի վեր՝ կասկածյալը, հսկայական շահույթ ստանալու նպատակով, այլ անձանց հետ դավադրությամբ, իզոտոնային լուծույթը բարձր գնով իրացրել է որպես պատվաստանյութ։

Ենթադրվում է նաև, որ դավադրության մասնակիցները ցանկացել են լուծույթը արտահանել և վաճառքի հանել նաև արտասահմանում: