Դավիթ Գալստյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը

15:53 • 02.02.21

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց ՊՆ նախկին նախարարի խորհրդական, Royalsys Engineering ընկերության նախագահ ու բաժնետեր Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Այս մասին Tert.am-ին հայտնեց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Դավիթ Գալստյանը նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986 թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն մատակարարվել է կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույք:

Կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է  առանձնապես խոշոր չափերի հիշյալ գումարը:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործ: Այդ գործի շրջանակում էլ Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել: