Ամերիկուհին, դառնալով դոնոր, մահից հետո 5 մարդու կյանք է փրկել

23:58 • 02.02.21

Հունիսին մահացած ամերիկուհու ընտանիքը նվիրաբերել է նրա օրգանները հինգ մարդու կյանք փրկելու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ամերիկյան հեռուստաալիքին:

18-ամյա Ալիշա Գարզան մահացու հրազենային վիրավորում էր ստացել 2020 թվականի հունիսին: Աղջկա խորթ հայրը՝ Ռամոն Վարգասը, հայտնել է, որ աղջիկը ցանկանում էր նվիրաբերել իր օրգանները բժշկությանը: Աղջկա մայրը սկզբում դժվարությամբ էր համակերպվում այդ մտքի հետ, սակայն ավելի ուշ համաձայնել էր:

«Նախ և առաջ ես նրա մայրն եմ: Ես չէի ցանկանա, որ նրանք վերցնեին իմ երեխայի օրգանները, սակայն մեր դժբախտությունը օրհնություն է դարձել ուրիշ մարդկանց համար»,- ասել է Ալիշայի մայրը:

Նշվում է, որ աղջկա սիրտը, երիկամները, լյարդը և թոքերն օգնել են փրկել 5 մարդու կյանք: Տեխասի օրգանների դոնորների միությունն Ալիշայի հիշատակին նվիրված մեդալ է հանձնել նրա ընտանիքին: