Պակիստանում քրիստոնյա բուժքույրին կապկպել են և խմբակային ծեծի ենթարկել՝ նրան մեղադրելով աստվածանարգության համար (տեսանյութ)

11:51 • 02.02.21

Պակիստանի հիվանդանոցներից մեկում 30-ամյա քրիստոնյա բուժքույր Տաբիթհա Նազիր Գիլլը կապվել և խոշտանգվել է ամբոխի կողմից այն բանից հետո, երբ մուսուլման կոլեգան նրան կեղծ մեղադրել է աստվածանարգության համար: Այս մասին գրում է rabwah.net-ը:

Կնոջը ծեծել են Պակիստանի Սոբրահ ծննդատանը, որտեղ նա աշխատում էր ավելի քան 9 տարի: Գլխավոր բուժքույրը նման վերաբերմունքի է արժանացել այն բանից հետո, երբ իր կոլեգային քննադատել է հիվանդից գումար վերցնելու համար:

Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ամբոխը, այդ թվում՝ կանայք, ծեծում իրենց գործընկերուհուն:

Ըստ որոշ տեղեկությունների՝ խոշտանգումների ենթարկվելու ընթացքում կինը կապված է եղել աթոռին ու սենյակից դուրս գալու որևէ հնարավորություն չի ունեցել:

Հիշեցնենք՝ Պակիստանում Աստծուն անարգելու վերաբերյալ կեղծ մեղադրանքները լայն տարածում ունեն: Դրանց հիմնական դրդապատճառն անձնական վրեժխնդրությունն ու կրոնական ատելությունն է:  Նման մեղադրանքները շատ հաճախ զանգվածային ցույցերի և դաժան սպանությունների պատճառ են դառնում: