«Պուտինը չի հետևում Նավալնիի գործով դատավարության ընթացքին. նա պատրաստվում է ռուս ուսուցիչների հետ հանդիպմանը». Պեսկով

16:04 • 02.02.21

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ երկրի ղեկավարը չի հետևում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով դատավարության ընթացքին: Այս մասին գրում է iz.ru-ն:

«Պուտինը չի հետևում գործընթացին: Նա պատրաստվում է հանդիպել ռուս ուսուցիչների հետ, որոնք  դասավանդում են ռուսաստանցիների ապագա սերունդին», - ասել է Պեսկովը:

Միևնույն ժամանակ խոսնակը մեկնաբանել է նաև դատարանի մոտ նկատված դիվանագիտական համարներով մեքենաների մասին հաղորդագրությունները: Այս առնչությամբ նա նշել է, որ դիվանագետներն ազատ են գործել Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում, բայց չպետք է խառնվեն և թույլ տան գործողություններ, «որոնք կապված կլինեն անկախ դատարանի վրա ճնշում գործադրելու փորձի հետ»:

Պեսկովի խոսքով՝ փետրվարի 4-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում կունենա Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ:

«Լավրովը պատրաստ է նրա հետ քննարկել նախնական կալանքի վայրում պահվող բնակչի հետ կապված իրավիճակը: Մեր նախարարը նույնքան կոշտ պատասխան կտա կոշտ ուղերձին: Սա մի թեմա է, որի դեպքում մենք պատրաստ չենք լսել ցանկացած հայտարարություն», - ասել է Պեսկովը:

Նա շեշտել է, որ եթե Բորելը ցանկանա հանդիպել Նավալնիի հետ, ապա այս խնդրանքը կուղարկվի քննիչներին, որոնք էլ նրան պատասխան կտան: