4-օրյա աշխատանքային շաբաթ՝ առանց աշխատավարձի կրճատման. Իսպանիայում փորձնական ծրագիր է մեկնարկում
Իսպանիայի արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության նախարարության մասնագետները և ձախակենտրոն Mas Pais կուսակցության ներկայացուցիչները սկսել են աշխատել փորձնական ծրագրի մանրամասների վրա՝ ձեռնարկությունների համար 4-օրյա կամ 32-ժամյա աշխատանքային շաբաթ սահմանելու նպատակով՝ պահպանելով աշխատողների աշխատավարձերը: Այս մասին գրում է հաղորդում է El Confidencial թերթը:
Նշվում է՝ աշխատանքային քննարկումների ընթացքում պետք է մշակվի ծրագիր, որը կօգնի ընկերություններին, որոնք «սոցիալական երկխոսության միջոցով ցանկանում են ավելացնել իրենց արտադրողականությունը, նվազեցնել շրջակա միջավայրի վրա նրանց ազդեցությունը, ինչպես նաև բարելավել իրենց աշխատողների առողջությունը աշխատանքային օրվա կրճատման միջոցով»:
Հիշեցնենք՝ աշխատանքային խորհրդակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ Իսպանիայի կառավարությունը նախորդ շաբաթվա վերջին հաստատել էր փորձնական նախագիծ, որն ապացուցում է քառօրյա աշխատանքային շաբաթվա առավելություններն ու օգուտները:
Փորձարկումների շրջանակներում կառավարությունը 50 միլիոն եվրո կհատկացնի այն ընկերություններին օգնելու համար, որոնք կամավոր համաձայնում են աշխատողներին տեղափոխել 32-ժամյա աշխատանքային շաբաթ՝ առանց աշխատավարձերը կրճատելու:
Սպասվում է, որ այդ միջոցները կստացվեն 140 միլիարդ եվրո գումարից, որը Իսպանիայի մասնաբաժնինն է COVID-19-ի դեմ պայքարի եվրոպական ֆոնդերում: Գումարը կտրամադրվի «կլինիկական փորձարկումների» մասնակիցներին ուղղակի օգնության տեսքով:
Հիշեցնենք՝ փորձնական նախագծի մասնակիցների հիմնական պահանջներից մեկը շաբաթվա աշխատանքային ժամերի քանակը 32-ի նվազեցնելն է՝ առանց աշխատավարձերը նվազեցնելու:










