«Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը մի քանի ամիս անց թողնելու է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը

03:21 • 03.02.21

Ամերիկյան «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն այս տարվա երկրորդ կեսին թողնելու է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, հայտնում է РБК-ն՝ հղում անելով ընկերության տարածած հայտարարությանը:

Բեզոսի հեռանալուց հետո ընկերությունը ղեկավարելու է Էնդի Յասսին, որն այժմ գլխավորում է «Amazon Web Services»-ը:

Ընկերության հիմնադիր Բեզոսը մտադիր է ստանձնել տնօրենների խորհրդի գործադիր տնօրենի պաշտոնը:

«Այդ պաշտոնում մտադիր եմ կենտրոնանալ նոր արտադրանքներ թողարկելու աշխատանքների վրա: Էնդին քաջ հայտնի է ընկերության ներսում և աշխատում է այստեղ գրեթե այնքա, որքան՝ ես: Նա հիանալի ղեկավար կլինի, ամբողջովին համոզված եմ դրանում»,- գրել է Բեզոսն ընկերության աշխատակիցներին ուղղված նամակում:

Բեզոսը հայտնել է նաև, որ մտադիր է ավելի շատ ժամանակ տրամադրել «Bezos Earth Fund» բարեգործական հիմնադրամի, «Blue Origin» օդատիեզերական ընկերության, «The Washington Post» պարբերականի և «Amazon Day 1 Fund» հիմնադրամի գործունեության կազմակերպական աշխատանքներին: