Ոստիկանության 20 հոգանոց խումբն ու ԱԱԾ աշխատակիցներն ուղեկցում են նորանշանակ տնօրենին դեպի դպրոց, ուժային կառույցների միջոցով փորձում են մեզ լռեցնել. Աբովյանի թիվ 1 դպրոցի ուսուցիչ (տեսանյութ)

15:07 • 04.02.21

Դպրոցի կառավարման խորհուրդը մեկ տարի առաջ ենթարկվել է փոփոխության, և նախարարության 3 ներկայացուցիչներն ու մարզպետարանի մեկ ներկայացուցիչը փոխվել են, և նշանակվել են մարդիկ, որոնք բարեկամ են Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։ Tert. am-ի հետ զրույցում կառավարության դիմաց ակցիայի ժամանակ այս մասին ասաց Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ մեկ ավագ դպրոցի ուսուցիչ Հայկ Փայտյանը:

Նշենք, որ այսօր Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ մեկ ավագ դպրոցի ուսուցիչները բողոքի ակցիա էին անում, որից հետո իրենք նամակ- դիմում ներկայացրեցին Կառավարությանը: Նրանք նշում են, որ դեմ են նորանշանակ տնօրենի նշանակմանը:

«Կառավարման խորհրդում ընդգրկված են Ռոմանոս Պետրոսյանի քենին, եղբոր կինը, որը մարզպետարանի աշխատակից է: Զավեշտն այն է, որ նույն մարդիկ ընդգրկված են նաև մյուս դպրոցների կազմում, այսինքն՝ մեկ հոգի, որն ազգական է, 4 դպրոցի  կառավարման խորհրդում ընդգրկված է: Ի՞նչ սկզբունքով են իրենք ընդգրկվել Կառավարման խորհրդում, ինչպե՞ս եղավ, որ մեկ մարդու բոլոր բարեկամները դպրոցների կառավարմա խորհրդում ընդգրկվեցին: Խոսում են դպրոցների քաղաքականացման դեմ, սա ի՞նչ է, եթե ոչ դպրոցի քաղաքականացում և խայտառակ կուսակցականացում: Լուրեր են շրջանառվում, որ կարող է արտահերթ ընտրություններ լինեն, իսկ դպրոցները միշտ եղել են և հիմա ավելի բիրտ ձևով կդառնան ընտրությունների գործիք»,- նշեց ուսուցիչը:

Նա ասաց, որ դպրոցի նախկին տնօրենը, փոխտնօրենը ոստիկանությունից ծանուցում են ստացել, սակայն տեղյակ չեն, թե ինչ հարցի վերաբերյալ է ծանուցումը.

«Ծանուցում են ուղարկել, որ եթե 11:30 չներկայանաք բաժին, ձեզ բերման ենք ենթարկելու: Մենք ուզում ենք հասկանալ՝ ինչ գործի շրջանակում է: Ոստիկանության 20 հոգանոց խումբն ու ԱԱԾ աշխատակիցներն ուղեկցում են նորանշանակ տնօրենին դեպի դպրոց: Մենք չենք ցանկանում իր հետ աշխատել, մեր դժգոհությունն ու բողոքն ենք հայտնում և հիմա ուժային կառույցների միջոցով փորձում են մեզ լռեցնել»:

Հայկ Փայտյանը նաև նշեց, որ հանդիպել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ ժաննա Անդրեասյանի հետ՝ խնդրելով հաշվի առնել անձնակազմի կարծիքը, ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ իրենց պահանջը հաշվի կառնվի, և նախարարի որոշման համար այս հանդիպումը հիմք կհանդիսանա, սակայն այդպես չի եղել: Նա նաև տեղեկացրեց, որ այսօր դպրոցում ուսուցչական կազմն իրականացրել է գործադուլ:

Մանրամասները՝ տեսանյութում։