«Անցյալ տարի Հունաստանն ու Թուրքիան 3 անգամ հայտնվել են պատերազմի նախաշեմին»․ Հունաստանի պաշտպանության նախարար
Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի սադրիչ գործողությունների պատճառով Հունաստանը և Թուրքիան 2020 թվականին երեք անգամ հայտնվել են պատերազմի նախաշեմին, հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը, գրում է National Herald-ը։
«Երեք անգամ տեղի է ունեցել զինված ուժերի համընդհանուր մոբիլիզացիա»,- հայտարարել է Հունաստանի ՊՆ նախարարը։
Անդրադառնալով Թուրքիայի հետ անցյալ ամիս մեկնարկած երկկողմ բանակցություններին՝ Պանայոտոպուլոսն ասել է․ «Մենք նրանց բացատրում ենք, որ գնում ենք քննարկելու օրակարգի կոնկրետ հարցեր, և որ այդ նախնական քննարկումները պետք է տեղի ունենան միայն այդ կոնկրետ հարցերի, այլ ոչ թե Թուրքիայի հնարավոր որևէ պահանջների, օրինակ՝ կղզիների ապառազմականացման շուրջ»։
Հունաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Թուրքիայի ափերին մոտ գտնվող կղզիները ապառազմականացնելու պահանջի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ պահպանվում է ռազմական սպառնալիքը:
Ավելի քան չորս տարի տևած դադարից հետո Աթենքն ու Անկարան անցյալ ամիս վերսկսել են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը նվիրված բանակցությունները: Թուրք-հունական դիվանագիտական խորհրդակցությունների առաջին փուլը կայացել է Ստամբուլում։










