Հնդկաստանի ԱԳՆ-ն Ռիհաննային և Գրետա Թունբերգին մեղադրել է երկրում հնդիկ ֆերմերների ցույցերին անդրադառնալու և նրանց աջակցելու համար
Հնդկաստանը հայտնի երգչուհի Ռիհաննային, շվեդ բնապահպան Գրետա Թունբերգին, ամերիկացի իրավաբան և ակտիվիստ Մինա Հարիսին՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի զարմուհուն, քննադատել է երկրում շաբաթներ շարունակ բարեփոխումների դեմ բողոքող հնդիկ ֆերմերների ցույցերին անդրադառնալու, «անարժանահավատ և անպատասխանատու հայտարարություններ հնչեցնելու համար», գրում է english.alarabiya.net-ը։
«Ինչո՞ւ մենք չենք խոսում այս մասին»,- օրերս սոցցանցերում գրել էր Ռիհաննան՝ կից հրապարակելով Հնդկաստանում ընթացող ցույցերից լուսանկար։
Ցույցերի առնչությամբ Twitter-ում գրառում էր կատարել նաև Թունբերգը․ «Մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ ֆերմերներին»։
«Նախքան մեկնաբանություններ հնչեցնելը, մենք կոչ ենք անում ճշտել փաստերը»,- ասված է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հայտնի մարդկանց, այդ թվում՝ Ռիհաննայի և Թունբերգի՝ ֆերմերներին աջակցելու վերաբերյալ հայտարարություններն «անպատասխանատու» են։
«Սոցիալական ցանցերում սենսացիոն հեշթեգների և մեկնաբանությունների գայթակղությունը, հատկապես, երբ դրանց դիմում են հայտնիները, սխալ և պատասխանատու քայլ է», - ասված է նախարարության հայտարարության մեջ:
Նշենք, որ Հնդկաստանում շաբաթներ շարունակ ընթանում են բողոքի ակցիաներ․ տասնյակ հազարավոր ֆերմերներ զայրացած են և կարծում են, որ նոր ընդունված օրենքները ձեռնտու են խոշոր մասնավոր գնորդներին՝ ի հաշիվ արտադրողների: Նրանք ավելի քան երկու ամիս բողոքի ակցիա են անում մայրաքաղաք Նյու Դելիի մատույցներում։










