Այս նախագիծը ստեղծում է իրավական անորոշություններ և կասկածելի կարգավորումներ, լրագրողներին կանգնեցնում երկընտրանիքի առաջ. Բ. Նավասարդյանը՝ ԶԼՄ-ների՝ անանուն աղբյուրին հղում անելու արգելքի մասին
Լրատվամիջոցների համար առաջ է գալիս երկընտրանքի առաջ կանգնելու հանգամանք, քանի որ եթե որևէ նյութ վերցվի՝ առանց պատշաճ հղում կատարելու, ապա նրանք լուրջ խնդիրներ կունենան և անթույլատրելի է լրագրողներին այս կարգի երկընտրանիքի առաջ կանգնեցնելը: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորի կողմից առաջարկվող նախագծին, որով ԶԼՄ-ներին արգելելվում է անանուն աղբյուրներին հղում կատարելը:
Նավասարդյանի խոսքով՝ առաջ բերված նախագիծը պետք չէ ճնշում համարել, քանի որ այն որևէ բովանդակությամբ նյութի տարածմանը չի խոչնդոտում, սակայն ստեղծում է որոշակի իրավական անորոշություններ և կասկածելի կարգավորումներ, որոնք եթե կիրառվեն, կարող են մինչև անգամ հակասել միջազգային իրավական ստանդարտներին և խնդիրներ առաջացնել:
«Այդ պատճառով մենք պնդում ենք, որ հեղինակները հրաժարվեն այդ դրույթից և բոլորը կենտրոնանան այդ օրինագծի այլ դրույթների վրա, որոնք իրոք կարևոր են և միգուցե խմբագրման, քննարկման և շտկման կարիք ունեն, որպեսզի օրինագծի օգտակարությունը միանշանակ լինի: Այդ դրույթով օգտակարությունը դրվում է կասկածի տակ, որովհետև ես նույնիսկ չեմ էլ պատկերացնում դրա կիրառումը»,-ասաց նա:
Ըստ Նավասարդյանի՝ պատգամավորների կողմից ներկայացվող բացատրություններից միայն այն է տրամաբանական, որ պետք չէ գովազդել օրինակ որոշ Telegram-յան ալիքներ, բայց վերջինիս պնդմամբ՝ սա ամբողջովին կարդարացվեր միայն այն դեպքում, եթե իսկապես այդ տարածումը և ճանաչումը միայն հայկական լրատվամիջոցների միջոցով լիներ:
«Ես կարծում եմ՝ դրանք ճանաչելի են դառնում անկախ նրանից, թե լրատվամիջոցները նրանց վրա հղում կատարում են, թե ոչ: Այնպես որ, ես այս նախագծում որևէ իրական հիմքեր ունեցող հիմնավորում չեմ տեսնում»,-նշեց նա:
Օրենքի նախագծի քաղաքական ենթատեքստի վերաբերյալ Երևանի մամուլի ակումբի նախագահը նշեց՝ այստեղ քաղաքական ենթատեքստ կա այն առումով, որ Telegram-յան ալիքները, հիմնականում, այնպիսի տեղեկություններ են տարածում, որոնք հաճելի չեն իշխանականների համար:
«Այս նախագծի կազմման պատճառներից մեկը սա է, կարող է նաև անհանգստություն լինել այն տեղեկությունների համար, որոնք իսկապես ազգային անվտանգության համար խնդրահարույց են, բայց կրկնում եմ՝ այս կարգի տեղեկությունների տարածման դեմ պայքարում են բովանդակության համար պատասխանատվության ենթարկելով, այլ ոչ թե աղբյուրը հնչեցնելու և նշելու համար: Ամեն դեպքում հույս ունեմ, որ քննարկումների ընթացքում մեր բազմաթիվ փորձագետների հորդորները որոշակի դեր կունենան և հեղինակները կհրաժարվեն այդ դրույթից, որը հնարավորություն կտա կենտրոնանալ այլ կարևոր դրույթների վրա և դրանք կատարելագործել՝ որքան հնարավոր է»,-ընդգծեց Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ անանուն աղբյուրներին հղում անելն արգելելու նպատակով:










