Թուրքիան Սիրիայի հյուսիսային շրջաններից ձերբակալել և Թուրքիա է տեղափոխել 63 տղամարդու. Human Rights Watch

17:43 • 04.02.21

Հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը տեղեկացրել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսային շրջաններից ձերբակալել և Թուրքիա է տեղափոխել Սիրիայից 63 անձանց:

Սիրիացի արաբ և քուրդ տղամարդկանց տեղափոխել են Թուրքիա՝ նրանց նկատմամբ դատարաններում լուրջ մեղադրանքներ առաջադրելու նպատակով: Թուրքիան նրանց մեղադրում է Ժողովրդի պաշտպանության ստորաբաժանումների անդամակցության համար, որը հանդիսանում է Սիրիայի ժողովրդավարական ուժերի ողնաշարը, և ղեկավարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ջախջախելու նպատակով ձեռնարկված արշավը:

Սիրիայի քաղաքացիների կամայական կալանավորումը և Թուրքիա տեղափոխելը խախտում է Ժնևի չորրորդ կոնվենցիան, որն արգելում է բռնազավթված տարածքներից մարդկանց բռնագաղթումը:

Ըստ Human Rights Watch-ի հետաքննության և հուլիսին Մարդու իրավունքների քրդական կոմիտեի և «Սիրիացիներ հանուն ճշմարտության և արդարության» քարոզչական խմբավորման կողմից հրապարակված նմանատիպ զեկույցի, հնարավոր է, որ այժմ Սիրիայի 200 քաղաքացի տեղափոխվել է Թուրքիա: