Կառավարությունը նախատեսում է կրթության, առողջապահության ոլորտները հանել ԱԱՀ չհարկվող ոլորտների ցանկից, նշանակում է՝ 20 տոկոսով կբարձրանան ուս. վարձերը, կթանկանան բժշկական ծառայությունները. Ֆարմանյան
Ավագ սերնդի մեր քաղաքացիները հավանաբար հիշում են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի խոսքը. «Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ»: Առաջին նախագահը այդ խոսքերով պատասխանում էր այն տարիներին հայտնի հեռուստալրագրող Սերգո Երիցյանի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է այնպես անել, որ Հայաստանի ժողովուրդը ավելի լավ ապրի՝ ունենալով Ղարաբաղի հարցը ու չլուծված պահելով այն: Այս մասին հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանի և քաղաքագետ Արմեն Մինասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող «36.6» հաղորդաշարի ժամանակ ասել է Սամվել Ֆարմանյանը:
«Հիշու՞մ եք՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ կախարդական փայտիկ ունի: Ահա, թե ինչպիսի տեսք ունի այդ կախարդական փայտիկը․ հիմա մարդիկ ավելի քիչ փող են վաստակում, Նիկոլ Փաշինյանը 2 մլրդ դոլարով ավելացրել է արտաքին պարտքը, բայց այդ 2 մլրդ դոլարից չգիտեմ՝ մեր քաղաքացուն քանի՞ ցենտ է բաժին հասել, Կառավարությունը նախատեսում է կրթության ու առողջապահության ոլորտները հանել ԱԱՀ չհարկվող գործունեության ոլորտների ցանկից, դա նշանակում է՝ առնվազն 20 տոկոսով կբարձրանան ուսման վարձերը, կթանկանան բժշկական ծառայությունները: Ահա նման փաշինյանական հպա՜րտ պատկեր…»-նշել է նա։
Հաղորդման մյուս հեղինակ Արմեն Մինասյանն իր հերթին ընդգծել է՝ այդ կախարդական փայտիկը կարծես թե աշխատեց՝ ղարաբաղյան հարցը «լուծվեց» և դրա հետևանքով մենք սկսեցինք ավելի վատ ապրել, բարեկեցության մակարդակը գնալով անկում է ապրում։
«Նախորդ տարվա համեմատ՝ թանկացել է ոչ միայն պարենամթերքը, այլև կոմունալ վարձավճարները, թեև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նշում է, որ բնակիչների համար գազի գինը չի բարձրացել, բայց իրականությունը այլ է. խոշոր տնտեսվարողների համար գազի գինը ահռելի բարձրացել է, և դա բերում է յուրաքանչյուր ապրանքատեսակի ինքնարժեքի ավելացմանը, օրինակ՝ ջերմային տնտեսությունում, տրանսպորտի ոլորտում, շինարարական ոլորտում և այլն։ Ընթացիկ տարում ստիպված ենք լինելու նաև վճարել գույքահարկ, իսկ մինչ այս 3 մլն կադաստրային արժեք ունեցող գույքի համար չէինք վճարում․․․ահա այսպիսինն էր փաշինյանական կախարդական փայտիկը»,-նշել է Արմեն Մինասայանը։
Մանրամասները` տեսանյութում:










