Իսրայելական ռազմաբազայից գողացել են կապի և կոդավորման ռադիոէլեկտրոնային թանկարժեք սարքավորումները

17:20 • 04.02.21

Իսրայելի ռազմական գերատեսչությունը հաստատել է լուրերն այն մասին, որ գողություն է կատարվել երկրի պաշտպանության բանակի («ՑԱԽԱԼ») հենակետերից մեկում: Ըստ այդմ՝ միջադեպը գրանցվել է Իսրայելի հարավում տեղակայված «Ցեէլիմ» ռազմական օբյեկտում, գրում է Военное обозрение-ն: 

Այս պահի դրությամբ ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ անհայտ անձինք գողացել են թանկարժեք սարքավորումներ՝ նախատեսված կապի և կոդավորման համար: Նախնական տեղեկություններով՝ նրանց հաջողվել է գողանալ 9 կնքված կոնտեյներներ, որոնք ռազմակայան են հասցրել այնտեղ ժամանած «ՑԱԽԱԼ»-ի ստորաբաժանումը՝ զորավարժություններ անցկացնելու համար: Հաղորդվել է նաև, որ բացի այս ամենից, անհայտ անձինք գողացել են  նաև էլեկտրոնային սարքավորումներ, որոնք օգտագործվել են հատուկ նշանակության ջոկատների գործողությունները համակարգելու համար:

Իսրայելական մամուլը նշում է, որ ռազմական տեխնիկայի այս տեսակի գողությունը էական վնաս է հասցրել ինչպես այն ստորաբաժանմանը, որին պատկանում էր, այնպես էլ այն ռազմական բազայի հեղինակությանը, որտեղ կատարվել էր հանցագործությունը:

Միջադեպի առնչությամբ՝ տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ զորավարժությունների՝ նախապես ծրագրված ժամանակացույցում տեղի է ունեցել խափանում: Ավելին, «ՑԱԽԱԼ»-ի կողմից օգտագործված ծածկագրերը և ալգորիթմները նույնպես հասելանելի են դարձել գողերին:

Հայտնի է նաև, որ ներկայումս հետաքննություն է ընթանում, որն իրականացնում է Իսրայելի ռազմական ոստիկանությունը:

Դեպքի առնչությամբ կայքը հատուկ ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա,  որ սա առաջին գողությունը չէ «Ցեէլիմ»-ի հենակետում: Անցյալ տարվա վերջին այնտեղից գողացել էին 5.56 մմ տրամաչափի փոքր զենքի գրեթե 100 հազար պարկուճ: Միևնույն ժամանակ, այս առնչությամբ հետաքննությունը դեռ շարունակվում է, և գողերի ինքնությունը դեռևս հնարավոր չի եղել պարզել: 

Իսրայելական մամուլը ենթադրում է, որ զինամթերքը հնարավոր է արդեն վաճառվել է հանցավոր խմբավորումների և, հնարավոր է, մասամբ դուրս է բերվել երկրից: