Եթե անձը չի անցել ռազմական ճանապարհ, չի կրել զինվորական հագուստ, նա իրավունք չունի դառնալ երկրի ղեկավար․ Աննա Մայիլյան (տեսանյութ)
Երբևէ չէինք կարող պատկերացնել, որ երկրում կարող է այսպիսի աղետ լինել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմին:
«Միշտ եղել են պատերազմներ՝ Ապրիլյան պատերազմը, դրանից առաջ, բայց որ մենք կունենանք այս չափի մեծ աղետ, չէինք կարող պատկերացնել։ Մենք գիտեինք, որ մեր բանակը հզոր է, մեր երկիրը պատրաստ է: Մեր զինվորը իր հերոսական մարտով կարողացավ կանգնեցնել թշնամուն։ Ես հիշում եմ ՝ սկզբի օրերին ամբողջ ազգը ոտքի կանգնեց, բոլորս մարտական վիճակում էինք, ազգը բռունցք էր դարձել, և ամեն բան պետք է լավ գնա, բայց վստահ եմ՝ Աստված չի թողնի, որ թշնամին ուրախանա։ Թշնամին պետք է պատժվի»,- ասաց Աննա Մայիլյանը։
Աննա Մայիլյանը անդրադարձավ կրթական համակարգին, որը ըստ նրա՝ երկրում տիրող իրավիճակի պատճառներից մեկն է. «Մեր կրթական համակարգը դեգրադացված է, և եթե չկա կրթություն, չկա մտածող մարդկանց բանակ։ Գուցե դա արվում էր միտումնավոր, թե մենք ենք թույլ տվել, ամեն դեպքում փոքր պետություն ունեցող ազգը դիմում է որոշակի քայլերի, որպեսզի կրթությունը պահի իր տեղում, մշակույթը իր տեղում, էլ չասեմ բանակի մասին»։
Ըստ Մայիլյանի՝ Հայաստանի ղեկավարը պետք է անցնի ռազմական ճանապարհ։ «Եթե անձը չի անցել ռազմական ճանապարհ, նա իրավունք չունի դառնալ երկրի ղեկավար։ Հայաստանի երկրի ղեկավարը պետք է կրի զինվորական հագուստ, պիտի անպայման ունենա զինվորական ճանապարհ, կամ անցնի, նոր գա երկրի ղեկավար: Երբ դարձար երկրի ղեկավար, պետք է մոնիտորինգ անես՝ ի՞նչ ունես ռազմական պահեստներում, ի՞նչ ունես բանակում։ Եթե կա պատերազմի վտանգ, ես պետք է հաշվարկեմ՝ կարո՞ղ եմ, թե՞ ոչ, եթե ոչ՝ գնալ դիվանագիտական դաշտ և այնտեղ մարտնչել»,- ասաց Աննա Մայիլյանը։
ՀՀ վաստակավոր արտիստը նաև անդրադարձավ այն անձանց, ովքեր կասկածի տակ են դնում Շուշիի հայկական լինելը. «Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է նման բան ասել, ինչպե՞ս կարելի է ջնջել մեր պատմական հիշողությունը, չի կարելի նման բան անել։ Դա մեր մշակույթն է, եթե դու ջնջում այդ հիշողությունը, ջնջում ես մշակութային հիշողությունը ևս»:
Ըստ Աննա Մայիլյանի՝ ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, քանի որ սպառել է իրեն։ «Ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, քանի որ 2 տարի առաջ սպառեց իր ամբողջ ներուժը, մենք բոլորս՝ ինչպես նաև ես, հավատում էինք՝ ճահիճից դուրս ենք գալու: Ես հույս ունեի՝ մենք կունենանք լուսավոր ապագա, բայց հեղափոխական չեմ, դեմ եմ հեղափոխություններին»,- ասաց Աննա Մայիլյանը։
Աննա Մայիլյանը նաև անդրադարձավ իր մասնագիտական գործունեությանը. «Իհարկե իմ կյանքը փոխվել է, բայց ես իրավունք չունեմ չաշխատել, քանի որ իմ ամբողջ կյանքը նվիրել եմ հայ ազգային երաժշտությանը՝ մի կողմ դնելով ակադեմիկ կրթությունը։ 25 տարվա մեջ չեմ մտածել եվրոպական երաժշտություն կատարելու մասին, իմ մասնագիտական ոլորտը հայ ազգային երաժշտությունն է, իմ մեջ այնքան շատ է այդ գենետիկ հիշողությունը, դա հայրանասիրությունն է»,- ասաց Աննա Մայիլյանը։
Աննա Մայիլյանը նշեց՝կանեն ամեն բան, որ իրավիճակը փոխվի և երաժիշտները երգեն ազգային երգեր։ «Մենք կանենք ամեն ինչ, որ այդ շոկը դուրս գա, ես ձեզ վստահեցնում եմ։ Մի խումբ մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրել են ազգային երաժշտությանը, երբեք չեն կարող դադարել այն կատարել։ Այլ հարց է, որ պետականորեն ոչ մի աջակցություն չկա և չի եղել, բայց մշակույթի նախարարության փակմամբ մենք փակեցինք մշակույթը»,- ասաց Աննա Մայիլյանը։
Աննա Մայիլյանը հայտնեց՝ կա նախագիծ, ըստ որի՝ կմեկնեն Արցախ։ «Մենք մի խումբ արվեստագետներով քննարկում ենք, կա մենահամերգային ծրագիր, որի շրջանակներում կգնանք նաև Արցախ»,- հայտնեց Աննա Մայիլյանը։
ՀՀ վաստակավոր արտիստը հարց ուղղեց՝ ինչո՞ւ դասախոսները պարգևավճար չեն ստանում։
«Ինչու՞ կոնսերվատորիայի դասախոսները պարգևավճար չեն ստանում։ Համավարակի ընթացքում մենք առցանց արել ենք այնպիսի աշխատանք, որը ոչ մի երկրում այդպիսի արդյունք չեն գրանցել, մենք ինչու՞ պարգևավճար չենք ստանում»,- հետաքրքրվեց Աննա Մայիլյանը։
Ասուլիսի ընթացքում Աննա Մայիլյանը հորդորով հանդես եկավ։ «Հայ ժողովուրդը պետք է անպայման սթափվի։ Կոչ չեմ անում դուրս գալ փողոց, բայց ես դուրս եմ եկել, քանի որ շատ հարցերի հետ չեմ կարող համակերպվել»,- ասաց Աննա Մայիլյանը։










