Հունական ամենաազդեցիկ թերթերից մեկը երկրի կառավարությանը հորդորել է շտապ գնել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը

16:13 • 04.02.21

Հունաստանը պետք է անհապաղ ստանա ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութը, քանի որ այն ամռանը զբոսաշրջության ոլորտը փրկելու միակ հույսն է: Այս մասին գրում է հունական ազդեցիկ «Դիմոկրատիա» թերթը, որը երկրում ամենաշատ շրջանառություն և ամենամեծ համացանցային լսարան ունեցող ԶԼՄ-ներից է:

«Ստացե՛ք «Սպուտնիկ»-ը հիմա»,- գրված է թերթի հինգշաբթի օրը հրապարակված համարի առաջին էջում: 

«Եվրահանձնաժողովը արթնացել է և շտապում է այն հաստատել: Գերմանացիներն արդեն վազում են, իսկ մենք դեռ քնած ենք», -շեշտում է թերթը:

Միևնույն ժամանակ, «Դիմոկրատիա»-ն, վկայակոչելով մասնագետների կարծիքը, մանրամասնում է, որ  ռուսական պատվաստանյութը «առավել անվտանգ, արդյունավետ և հեշտ կիրառելի է:

«Պատվաստանյութի պահման համար չի պահանջվում ծայրահեղ ցածր ջերմաստիճան»,- նկատում է թերթը և ընդգծում՝ ««Սպուտնիկ V»-ը միակ հույսն է ամառը փրկելու և ֆիասկոյից խուսափելու համար»:

Պարբերականը հիշեցնում է, որ ներկայումս Եվրամիության անդամ երկրներից միայն Հունգարիան է, որ արդեն իսկ սկսել «Սպուտնիկ V»-ի մատակարարումը՝ չսպասելով եվրոպական իշխանությունների հաստատմանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Հունաստանը հույս ունի պատվաստել բնակչության զգալի մասին մինչ ամառ՝ զբոսաշրջությունն առավել անվտանգ դարձնելու նպատակով:

Նշենք՝ կորոնավիրուսի կանխարգման նպատակով հայտարարված կարանտինի պատճառով երկիրը կորցրել է այն եկամուտը, որն ամեն տարի գոյանում էր զբոսաշրջությունից: Հենց այս պատճառով էլ Հունաստանի տնտեսությունը ներկայումս հայտնվել է ծանր վիճակում: 

No description available.