Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ կատարած այցի ընթացքում Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու մասին հարց չի քննարկել. հայտարարություն

13:41 • 05.02.21

Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես հայտնում է, որ տեղեկությունը, թե փետրվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում  Ադրբեջանին հանձնելու մասին հարցը, իրականությանը չի համապատասխանում:

«Այցելության ժամանակ քննարկվել են բացառապես մարզում իրականացված և իրականացվելիք  ծրագրերին  վերաբերող հարցերի այն շրջանակը, որն  ավելի վաղ ներկայացվել է պաշտոնական  հաղորդագրության  մեջ:

Խնդրում ենք այսուհետ չտարածել նման ապատեղեկատվություն և զերծ մնալ ներքին և արտաքին թշնամիների շահերը  սպասարկելուց»,- ասվածէ մարզպետարանի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել առ այն, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցի ընթացքում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Արարատի մարզի գնդի հրամանատարի միջև, որի ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն գյուղի (Քյարքիի) հարցը: