BBC-ն հայտնվել է չինական մեդիադաշտի թիրախում

11:55 • 05.02.21

Ուրբաթ օրը չինական պաշտոնական լրատվական և սոցիալական հարթակների թիրախում է հայտնվել բրիտանական BBC լրատվականն այն բանից հետո, երբ Բրիտանական մեդիա համակարգող կենտրոնը չեղարկել է Չինաստանի պետական CGTN լրատվամիջոցի արտոնագիրը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Հինգշաբթի Բրիտանական մեդիա համակարգող կենտրոնը չեղյալ է հայտարարել չինական CCTT պետական հեռուստառադիոընկերության անգլալեզու քույր ալիքի CGTN արտոնագիրն այն բանից հետո, երբ եզրակացրել է, որ հեռուստաալիքի համար վերջնական խմբագրական պատասխանատվությունը կրում է Չինաստանի իշխող Կոմունիստական կուսակցությունը:

Րոպեներ անց Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է բրիտանական BBC լրատվականին կորոնավիրուսի մասին ռեպորտաժում «կեղծ լուրեր» տարածելու համար` ասելով, որ հեռարձակողը քաղաքականացրել է համաճարակը և խեղաթյուրել է Չինաստանում վարակի տարածման մասին տեսակետները: Նախարարության մեղադրանքին ի պատասխան, լրատվականը պնդել է, որ հաղորդումը եղել է արդար և անկողմնակալ:

«Ես խիստ կասկածում եմ, որ BBC լրատվականը հրահրվել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական գործակալությունների կողմից: Այն դարձել է Չինաստանի դեմ արևմտյան հասարակության կարծիքի պատերազմի բաստիոն», - թվիթերյան իր հաշվում գրել է Կոմունիստական կուսակցության աջակցությունը վայելող Global Times թերթի գլխավոր խմբագիր Հու Սիժինը:

Լարվածության հետևանքով Չինաստանի տարածքում արգելափակվել են BBC- ի, ինչպես նաև արևմտյան խոշորագույն լրատվամիջոցների մեծ մասի հեռարձակումները: