Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բացվել է ՀՀ վաստակավոր բժիշկ Ռոբերտ Քարամյանի անվան լսարան
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել բժշկական գիտությունների թեկնածու, ՀՀ վաստակավոր բժիշկ Ռոբերտ Քարամյանի անվան լսարանը: Լսարանի բացումը վերապահված էր բժշկական ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանին և Ռոբերտ Քարամյանի թոռնուհուն, ով բժշկական համալսարանի ուսանողուհի է և հենց նրա առաջարկով էլ բացվել է լսարանը:
«Ես բժշկական համալսարանի ընդհանուր բժշկություն ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի եմ: Շատ մեծ ազդեցություն է եղել այն հանգամանքը, որ պապիկս բժիշկ է և փոքրուց տեսել եմ՝ ինչ նվիրումով է աշխատում, միշտ հիացել եմ և հպարտացել, ցանկացել եմ լինել նրան արժանի հետնորդ և ընտրել եմ այս մասնագիտությունը: Լսարան անվանակոչելու գաղափարը իմն էր, ես ասացի հայրիկին, որ շատ կուզենայի պապիկի անվան ինչ-որ փոքրիկ անկյուն լինի մեր համալսարանում՝ տեսնելով պապիկի մեծ ներդրումը իր մասնագիտության մեջ»,- ասաց Սոնա Քարամյանը:
ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ լսարանի բացում իրականացվում է «Վերադարձ» ծրագրի շրջանակներում: «Այսօր բացվում է սրահ վաստակաշատ բժշկի անունով, որը համահունչ է այն ծրագրին, որը մենք իրականացրել ենք տարիներ առաջ. «Վերադարձ» ծրագիրը միանշանակ կայացած է և այս լսարանը ևս կրելու է վաստակաշատ բժշկի՝ Ռոբերտ Քարամյանի անունը, որը դեռևս 1970-ականների արդեն իր գիտելիքներով և մեծ փորձով կարողանում էր մարզային առողջապահություն իրականացնել»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Ռոբերտ Քարամյանի որդի Արսեն Քարամյանը մեկնաբանեց՝ հոր անվամբ լսարանի բացումը նրա համար բացառիկ հպարտություն է:
«Բացառիկ զգացողություններ էին լսարանի բացվելու ժամանակ, այն առումով, որ մարդու կյանքում գնահատված լինելու հանգամանքը ամենակարևորն է, և այսօր խոսքը միայն նրա մասին չէ, որ հայրս է գնահատվում, այլ մեծ հաշվով մեր հասարակությունը կարոտ է ճիշտ արժեքների կրող մարդկանց վերհանմանը, մենք այսօր դժվար ժամանակներ ենք ապրում»,- մեկնաբանեց Արսեն Քարամյանը:
Առողջական խնդիրների պատճառով Ռոբերտ Քարամյանը չի կարողացել ներկա գտնվել լսարանի բացմանը և նրա կինը՝ Սուսաննա Քարամյանը պատմեց ամուսնու զգացողությունների մասին: «Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ նա պատերազմի ամենաթեժ կետերում էր և ես այդ ժամանակաշրջանում շատ անհանգիստ էի, բայց երբեք չեմ ընդդիմացել, քանի որ ադ ժամանակ կյանքի և մահու պատերազմ էր, պետք էր պայքարել ապրելու համար: Ամուսինս շատ ուրախացավ, երբ իմացավ՝ իր անվամբ լսարան է բացվելու, նա շատ հուզված էր և իր հուզմունքը փոխանցվել է ինձ, հուզված եմ, որ նրան հնարավորություն չընձեռնվեց այսօր այստեղ ներկա գտնվել»,- ասաց Սուսաննա Քարամյանը:

























