«Նախարարությունից ուսուցիչների դիմումին չեն պատասխանել, իսկ ծնողներին ասել են՝ ձեր հարցը քննարկման ենթակա չէ». Աբովյանի թիվ 1 դպրոցում բողոքի ակցիա էր՝ ընդդեմ նորանշանակ տնօրենի (տեսանյութ)

10:05 • 05.02.21

11։52

Դպրոցի նախկին շրջանավարտ Արման Սիմիկյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իր եղբայրը ևս այդ դպրոցում է սովորում: «Մի քանի օր է, որ սոցցանցերից տեղեկանում եմ տնօրենի ընտրությունների մասին ու իմացա, որ ընտրություններն արդար չեն եղել, այսինքն՝ այստեղ սովորող աշակերտները արդարություն են պահանջում, սակայն արեն պարզ է դարձել, որ ընտրությունների ժամանակ նոր տնօրենին ընտրողները եղել են Ռոմանոս Պետրոսյանի ազգականները»:

Արման Սիմիկյանը նշեց, որ սխալ են այն կարծիքները, թե աշակերտներն այստեղ են հավաքվել ստիպողաբար, սակայն վստահեցնում է, որ աշակերտները բողոքը ներկայացնում են իրենց կամքով: «Աշակերտները հասկանում են ընկեր Բաբայանի կարևորությունը: Ընկեր Բաբայանն իմ դասղեկն է եղել երկար տարիներ, և այն դաստիարակությունը, կրթական մակարդակը, որ նա է տվել, ինձ շատ է օգնել»:

11։34

Tert.am-ի հետ զրույցում դպրոցի աշակերտներից մեկը նշեց, որ աշակերտների բոյկոտն հենց իրենք են կազմակերպել, որի պատճառով նախկին տնօրենի դեմ քրեական գործ են հարուցել՝ պատճառաբանելով, թե երեխաների բողոքը կազմակերպվել է նրա կողմից:

«Մենք ուզում ենք, որ ընկեր Բաբայանը լինի տնօրեն, որովհետև ուսուցիչներն ու ծնողները նրան են ընտրել: Իսկ Առաքելյանին ընտրել են իր բարեկամները, սա արդեն ապացուցված է: Արդեն ընտրության օրվանից մենք դասադուլ ենք անում, ոովհետև արդեն պարզ էր, թե ինչ են անելու նրան»,-ասաց նա:

Ծնողներից մեկը նշեց, որ աղջիկն արդեն երեք օր է՝ դասի չի գալիս, պատճառաբանելով, որ իրենց տնօրենին փոխում են: «Ես հիմա տեսնում եմ, թե ինչ խայտառակ վիճակ է դպրոցում, էս ի՞նչ են անում, ի՞նչ պատճառով են փոխում տնօրենին»:

11։32

Նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այն խոսակցությունները, թե ամենը նրա կողմից է կազմակերպվում, իրականությանը չեն համապատասխանում:

«Նախարարություն ուղարկված ուսուցիչների դիմումին ընդհանրապես չեն պատասխանել, իսկ ծնողների դիմումին պատասխանել են՝ ձեր հարցը քննարկման ենթակա չէ: Իրենց հիմնավորումն այն է, որ ես հին եմ, կառչած եմ աթոռին, չեմ ուզում գնալ, երիտասարդին ճանապարհ տալ, բայց այդ երիտասարդն իմ տարիքին է և անփորձ: Ես տնօրենի հինգ տարվա փորձ ունեմ և վստահ հայտարարում եմ, որ ցանկացած դպրոցի տնօրեն միայն հինգ տարի պետք է պաշտոնավարի, որ դառնա պրոֆեսիոնալ կազմակերպիչ»,-ասաց նա:

10։05

Աբովյանի թիվ 1 դպրոցում բողոքի ակցիա է ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի: 

Ուսուցիչները բոյկոտ են սկսել`նշելով, որ եթե տնօրենը մնա Առաքելյանը, ապա որևէ ուսուցիչ չի աշխատի նրա հետ: Ուսուցիչների բողոքին են միացել նաև աշակերտները՝ վանկարկելով նախկին տնօրենի անունը և պահանջելով, որ տնօրենի պաշտոնում որևէ փոփոխություն չլինի:

Այս պահին դպրոցում են նաև Ոստիկանության ծառայողները:

Դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը նշեց, որ որքան էլ ոստիկանական ուժեր հավաքվեն դպրոցում, իրենց պահանջը չի փոխվելու:

«Այստեղ, եթե կան անչափահասների բաժնի աշխատողներ, ապա նրանք նաև պետք է պաշտպանեն անչափահասների իրավունքները, սակայն այստեղ բոլորը պաշտպանում են տնօրենի իրավունքները և ո՞ւմ հրահանգով, ո՞ւմ պատվերով, ովքե՞ր են սրա հետևում կանգնած»,-ասաց նա: