Չինաստանը՝ գլխավոր մրցակից, Ռուսաստանին հակազդելն ու Եմենում պատերազմի դադարեցումը՝ առաջնահերթություններ. Բայդենը ներկայացրել է ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր կուրսը
Միացյալ Նահանգները բախվում է «աճող ավտորիտարիզմին», Չինաստանի աճող հավակնություններին ու ամերիկյան ժողովրդավարությանը վնաս հասցնելու Ռուսաստանի վճռականությանը, ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր կուրսի հրապարակման ժամանակ հայտարարել է նախագահ Ջո Բայդենը, հաղորդում է ТАСС-ը:
Բայդենը հայտարարել է, որ ամերիկյան արժեքները հարվածի տակ են ու վերջին շաբաթներին եզրագծին են հասել, իսկ ամերիկյան արտաքին քաղաքականության առանցքը յուրաքանչյուր մարդու նկատմամբ արժանի վերաբերմունք ապահովելն ու իրավունքի գերակայության հաստատումն են:
ԱՄՆ նախագահն ասել է, որ իրենց գլխավոր մրցակից են համարում Չինաստանին, բայց պատրաստ են համագործակցել նաև վերջինի հետ, եթե դա համապատասպանի ամերիկյան շահերին:
Բադենը հայտարարել է նաև, որ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը դադարեցրել է Գերմանիայից ամերիկյան զորքերի դուրս բերման գործընթացը, քանի որ այդ որոշումը վերանայվելու է: Բացի այդ, ԱՄՆ-ը մտադիր է մեծացնել արտասահմանից Միացյալ Նահանգներ եկող ներգաղթյալների թույլատրվող քանակական շեմը՝ հասցնելով այն այս տարի 125 հազարի:
Վաշինգտոնը նաև ակտիվացնելու է ջանքերը Եմենում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, դադարեցնելու է աջակցությունը արաբական կոալիցիայի կողմից երկրում իրականացվող ռազմական գործողություններին:
Բայդենն ասել է նաև, որ Մյանմայում զինվորականները պետք է թողնեն իշխանությունը, ազատ արձակեն ձերբակալված ղեկավարներին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:










