Բրիտանական իշխանությունները երկրից վտարել են լրագրող ներկայացած 3 չինացի լրտեսի

10:40 • 05.02.21

Անցած 12 ամիսների ընթացքում բրիտանական իշխանությունները երկրից վտարել են լրագրող ներկայացած երեք չինացի լրտեսի, հայտնում է բրիտնական Express-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության աղբյուրները:

Հաղորդվում է, որ Չինաստանի երեք քաղաքացիները, որոնք լրագրողական արտոնագրերով ժամանել են Մեծ Բրիտանիա՝ որպես երեք տարբեր չինական լրատվամիջոցների աշխատակիցներ, իրականում Չինաստանի պետական անվտանգության նախարարության աշխատակազմի անդամներ են եղել:

Ըստ թերթի՝ «լրագրողների» իրական ինքնությունը պարզել են MI5-ի (բրիտանական հակահետախուզության) սպաները, որից հետո նրանք ստիպված են եղել լքել երկիրը:

Պարբերականը հայտնում է, որ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է վերանայել լրտեսության գործող օրենսդրությունը: Խստացնող և ընդլայնող փոփոխությունները կներկայացվեն խորհրդարան, որի հաջորդ նստաշրջանը կսկսվի մայիսին:

Ավելի վաղ փորձագետներն զգուշացրել էին, որ Չինաստանը տիեզերք է արձակել երեք լրտեսական արբանյակներ, որոնք հնարավոր է օգտագործվեն մրցակից երկրների ռազմածովային նավատորմի դիտարկման համար: