Միշուստինն Ալմա-Աթայում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ փետրվարի 5-ին Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում կայանալիք նիստում, հաղորդում է ТАСС-ը:
Միշուստինը ելույթ է ունենալու նաև «Digital Almaty 2021» համաժողովում:
ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները կայանալիք նիստում պետք է քննարկեն ինտեգրացիոն օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, որոնք առնչվում են նաև տնտեսական միության ներքին շուկայի ֆունկցիոնալության բարձրացմանը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Հայաստանը ներկայացնելու է Նիկոլ Փաշինյանը:
Նա արդեն Ալմա-Աթայում է, պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։
2021 թվականի հունվարի 1-ից Ղազախստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով:










