Մարզպետարանի աշխատողի քրոջն առավելություն տալը դասական հովանավորչության է. Սոֆյա Հովսեփյանը` Գյումրու դպրոցի տնօրենի մրցույթի մասին (տեսանյութ)

15:50 • 05.02.21

Մարզպետարանի աշխատողի քրոջն առավելություն տալը մարզպետարանի կողմից ներկայացված ներկայացուցիչների կողմից դասական հովանավորչության մասին է խոսում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը` անդրադառնալով Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցում տնօրենի հաստիքի համար անցկացված մրցույթին:

Հարցին՝ ստացվում է, թե ոչինչ չի փոխվել և ամեն ինչ ծանոթ-բարեկամով է և քաղաքականացված է, պատգամավորն ասաց. «Ես չեմ ասի, որ ոչինչ չի փոխվել, այլ կասեմ՝ երբեմն բախտներս բերում է, բայց այդ երբեմն շատ քիչ է լինում: Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է իրենց իրավունքը իրացնեն և պահանջեն համապատասխան բացատրություն: Ես կարծում եմ՝ ոչ թե քաղաքական կամքի բացակայությունն էր խնդիրը, այլ ի սկզբանե խոսվեց այն մասին, որ պետք է տնօրենների ընտրության կարգը փոխվի, բայց կարծես կրթության նախարարությունը հապաղում է, մի կարգ էին մշակել, որը կարծես թե չբավարարեց  ուսուցիչներին ու մեկ այլ տարբերակ են փնտրում»,-ասաց նա և նկատեց, որ արդյունքում անգամ դեպքեր են լինում, երբ երկու-երեք քրգործով, յուրացումների գործով գնացող տնօրենը վերընտրվում է և նախարարությունը ոչինչ անել չի կարող:

Անդրադառնալով Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի շուրջ բարձրացված աղմուկին՝ Սոֆյա Հովսեփյանն ասաց, թե անհասկանալի է ձայների առավելությունը: «Երկուսը դպրոցինն է, երկուսը՝ ծնողինը, մեկը՝ նախարարությանը, մեկը՝ համայնքինը և ևս երկուսը՝ մարզպետարանինը, ես չգիտեմ՝ երկու ձայները որտեղի՞ց է, բայց այս կարգով շահարկում են այնպես, որ հասնի փոխվարչապետին և հետո արդեն նշանակումը անեն կամ՝ ըստ քաղաքականության, կամ՝ ըստ ցանկության, կամ՝ ըստ տրամաբանության»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք այս բոլոր հարցերում տեսնում է քաղաքական կոմպոնենտ, Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ եթե խաչվում է ներկա կամ նախկին մարզպետների, պատգամավորների անունների հետ, քաղաքական կոմպոնենտը իրենք կամ պետք է հերքեն, կամ՝ հաստատեն: «Ես գտնում եմ՝ կա, որովհետև ինչու է կապվում հենց իրենց հետ: Եթե իմ անձի հետ ինչ-որ բան է կապվում, ես որպես կանոն գնում եմ ոստիկանություն»,-ասաց նա: