Դանիել Իոաննիսյանը զրպարտել է Մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյանին. դատարանը պարտավորեցրել է հերքում հրապարակել
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը զրպարտել է ՀՀ մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյանին՝ նրա վերաբերյալ տարածելով հերյուրանքներ։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից: Հայցադիմումը քննել և որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանը:
Հայցվոր Բաբկեն Ղազարյանը դատարանից պահանջել է Դանիել Իոաննիսյանին պարտավորեցնել հերքել զրպարտություն համարվող տեղեկությունը և փոխհատուցում պահանջել:
Սույն գործով պատասխանող է հանդիսանում Դանիել Արայի Իոաննիսյանը, ով 2019թ. մայիսի 22-ին «Մեդիա Կենտրոնում» «Ազգային անվտանգության ծառայության դերն ու նշանակությունը. Ի նպաստ ո՞ւմ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով քննարկման ժամանակ զրպարտել է հայցվորին՝ վերջինիս վերաբերյալ հայտնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ, որոնք արատավորել են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը: Մասնավորապես հիշյալ քննարկման ընթացքում պատասխանողը հայտնել է, մեջբերում. «Նախկինում մենք չենք տեսել դեպքեր, որ ազգային անվտանգության ծառայությունը կամ ծառայության տնօրենը այդքան սերտ համագործակցության մեջ լինի քրեական հեղինակությունների հետ: …Քրեական հեղինակությունների անուններն էլ շատերը գիտեն, այսինքն անուն ազգանուները ես չգիտեմ մականուններով են ասում՝ Վստրեչի Ապեր, Թոխմախի Բաբո, Վովայի Արշակ, այսինքն էդ մարդիկ հիմա իրանց ավելի ազատ են զգում, քան նախկինում և էդ մարդիկ էն թաղամասից են, էրեբունիից են և ես հիշեցնեմ, որ Արթուր Վանեցյանը նախկինում հենց Էրեբունիի բաժնում է աշխատել ազգային անվտանգության ծառայությունում և դեռ այն ժամանակներից իրենք ծանոթ են և ըստ շրջանառվող լուրերի բավականին մոտիկ հարաբերություններ ունեն, որոնք պահպանվել են: Այսինքն, երբեք, ազնվությամբ, իմ մոտ չի եղել այնպիսի տպավորություն, որ ազգային անվտանգության ծառայության տնօրենը համագործակցի քրեական հեղինակությունների հետ»:
2020թ. ապրիլի 09-ին հայցվորի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանի և Դիանա Գրիգորյանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված լուծման ենթակա հարցերի վերաբերյալ դիրքորոշում է ներկայացվել դատարան: Միաժամանակ հերքման տեքստը հաստատելու վերաբերյալ դիմում են ներկայացրել դատարան, որով խնդրել է հաստատել նշված հերքման տեքստը և պարտավորեցնել պատասխանողին հրապարակել այն:
Դատարանը հայցը բավարարել է մասնակի. Դանիել Իոաննիսյանին պարտավորեցնել զանգվածային լրատվության միջոցների ներկայությամբ հերքել Բաբկեն Աշոտի Ղազարյանի վերաբերյալ հայտնած տեղեկությունը՝ հրապարակելով հերքման տեքստը հետևյալ բովանդակությամբ.
Հերքում
Ես՝ Դանիել Իոաննիսյանս, հերքում եմ 2019թ. մայիսի 22-ին Մեդիա Կենտրոնում «Ազգային անվտանգության ծառայության դերն ու նշանակությունը. ի նպաստ ու՞մ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով քննարկման ժամանակ, ինչպես նաև 2019թ. մայիսի 25-ին www.livenews.am կայքին լրագրողին տված հարցազրույցի ընթացքում հայտնածս տեղեկությունները, որոնք վերաբերվել են Բաբկեն Աշոտի Ղազարյանի՝ քրեական հեղինակություն հանդիսանալուն, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ սերտ համագործակցությանը և հայտնում եմ, որ դրանք կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ են»:
Դատարանը նաև վճռել է Դանիել Արայի Իոաննիսյանից հօգուտ Բաբկեն Աշոտի Ղազարյանի բռնագանձել 200 000 ՀՀ դրամ` որպես զրպարտության միջոցով անձի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, 8000 ՀՀ դրամ` որպես բավարարված պահանջներին համապատասխան նախապես վճարված պետական տուրքի գումար և 100 000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Բաբկեն Աշոտի Ղազարյանի՝ մնացած՝ 1 800 000 ՀՀ դրամ որպես զրպարտություն համարվող տեղեկության հերքման համար նյութական վնասի փոխհատուցման և 200 000 ՀՀ դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումարների բռնագանձման պահանջների մասով հայցը մերժվել է:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, առաջին ատյանի դատարանի վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում:










