Ղազախստանն Անկարայի հետ քննարկում է թուրքական անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման հարցը

10:00 • 05.02.21

Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում քննարկվել է թուրք-ղազախական ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է mail.kz-ն:

Մասնավորապես, Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Նուռլան Երմեքբաևն ընդունել է Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Մուհսին Դերեին:

«Ղազախստանն ու Թուրքիան շարունակում են զարգացնել և ամրապնդել բազմաբնույթ ռազմավարական համագործակցությունը, որը հիմնված է երկու երկրների ղեկավարների միջև բարեկամական և վստահելի հարաբերությունների վրա: Պաշտպանության ոլորտը երկկողմ համագործակցության կարևոր ասպեկտներից մեկն է»,- ասված է գերատեսչության կողմից տարածված հաղորդագրությունում: 

Նշվում է՝ հանդիպման ընթացքում երկրի ՊՆ նախարար Նուռլան Երմեքբաևն ընդգծել է ռազմատեխնիկական համագործակցության կարևորությունը համատեղ ձեռնարկությունների ստեղծման և որակյալ մասնագետների պատրաստման գործում: 

Լրատվամիջոցը մանրամասնում է նաև, որ թուրքական խոշոր պաշտպանական ընկերությունների հետ համագործակցության հարցերը քննարկվել են Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Մուխամեդժան Թալասով և իր թուրք գործընկեր Մուխսին Դերեի հետ հանդիպման ժամանակ:

Կողմերը քննարկել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր ձեռքբերման, Ղազախստանի ձեռնարկություններից մեկում նրանց հետագա տեղայնացման, ինչպես նաև թուրքական ձեռնարկությունների կողմից արտադրված զրահատեխնիկայի հնարավորություններին ծանոթանալու հարցեր:

Ռազմական կրթության ոլորտում համագործակցության հետ կապված այլ հարցեր քննարկվել են Թուրքիայի պատվիրակության՝ ազգային պաշտպանության համալսարան կատարած այցի ընթացքում: Այցի շրջանակներում հյուրերը ծանոթացել են բուհի կրթանյութական բազային և համալսարանի զարգացման հեռանկարներին: