Հայաստանը զբոսաշրջության համար «ապահով» երկրների ցանկից իջել է մեկ աստիճանով և հայտնվել «զգուշացում» կարգավիճակով երկրների շարքում. Զարմինե Զեյթունցյան (տեսանյութ)

12:22 • 05.02.21

Ճիշտ քաղաքականության դեպքում զբոսաշրջությունը մի քանի տարվա ընթացքում կարող է վերականգնվել, բայց լուրջ մրցակցության մեջ ենք լինելու այլ երկրների հետ: Այս մասին մամուլի ասուլիսին, խոսելով զբոսաշրջության խնդիրների մասին, ասաց Հյուրանոցների և հյուրընկալության կառավարման վկայագիր շնորհող ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը:

«Խոցելի երկրների կայքէջում Հայաստանը «ապահով և ստաբիլ» երկրների ցանկից պատերազմի հետևանքով իջել է մեկ աստիճան ներքև և հասել է «զգուշացում» կարգավիճակի, իսկ մինչ պատերազմը եղել է «ամենաապահով» երկրների շարքում: Այսօր էլ այս պայմաններով Հայաստանը ինդեքսով ավելի բարձր է, քան Ադրբեջանը, Վրաստանը, սակայն բանալին երկրի իմիջը ներկայացնելու մեջ է, նորովի բովանդակությամբ աշխարհին պետք է ներկայանանք»,-ասաց նա և նշեց, որ շատ արագ պետք է փոխենք ընկալումները:

«Մեր մշակութային ժառանգությունն այսօր ամբողջովին կապիտալիզացված չէ, և ես կարծում եմ, որ պատմամշակութային ժառանգությունն այն հիմնական ակտիվն է, որով  պետք է զբոսաշրջիկին գրավենք դեպի Հայաստան»,-ասաց նա և նշեց, որ շատ կարևոր է խոսել հյուրընկալության և ապահովության մասին:

«Այստեղ շատ կարևոր է պետական մակարդակով լուրջ քաղաքական կամքը` հասկանալու, որ զբոսաշրջությունը մակերեսային գործունեություն չէ, շորտիկով և մայկայով ապարատը ձեռքին անհայտ մարդ չէ, որ դա շատ լուրջ տնտեսական, սոցիալական, մշակութային հսկայական ազդեցություն ունի: Թերի կառույցի և թերի ֆինանսավորմամբ անհնար է ընդամենը էնտուզիազմի շնորհիվ հասնել արդյունքների»,-ասաց նա;

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ համոզված է, որ պատերազմում պարտվելը չպետք է խոչընդոտի վերականգնմանը, զարգացմանը, հզորացմանը և հաղթանակած դուրս գալուն: «Մենք պատերազմում պարտվել ենք, բայց մի փոքրիկ առյուծ ժողովուրդ հերոսամարտ է վարել անհավասար պայքարում` Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային տեռորիզմի դեմ 44 օր, և կարծում եմ՝ սա պատվով պարտվել է»,-ասաց նա:

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ 2019 թվականին Հայաստանում ներգնա զբոսաշրջությունների թիվը կազմել է շուրջ 1 միլիոն 894 հազար: «Սա նշանակում է, որ նվազագույն հաշվարկներով միայն ներգնա զբոսաշրջությունից համախառն եկամուտ Հայաստանը ստացել է առնվազն մեկ ու կես միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար,  դա էլ իր հերթին նշանակում է, որ պետական  բյուջեի եկամուտներ միայն ներգնա զբոսաշրջությունը ապահովել է շուրջ 300 միլիոն ԱՄՆ  դոլարին համարժեք: Մեր խնդրանքը, որ գոնե դրա մեկ տոկոսը ուղղեք զբոսաշրջության ոլորտի  մարքեթինգին, խթանմանը` համոզված լինելով, որ դա էապես կնպաստի նրան, որ մինչև 2024 թվականը կկրկնապատկվի զբոսաշրջության թիվը»,-ասաց նա:

Լիանա Առաքելյան