Փաշինյանը երբևէ չի մտածել ո՛չ բանակի, ո՛չ հասարակ մարդու մասին․ նա ունեցել է միայն իր շահը․ մարդիկ խոստովանում են՝ իրենց ամենամեծ սխալն այս իշխանությանն աջակցելն է եղել․ Դավիթ Սահակյանց

13:39 • 05.02.21

Նիկոլ Փաշինյանը երբևէ չի մտածել ո՛չ բանակի մասին, ո՛չ հասարակ մարդու մասին․ նա ունեցել է միմիայն իր շահը։ Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը։

«Ինչպես են գնում իր հետևից, իրենից պաշտոն վերցնում, դիմում՝ «պարոն վարչապետ», իր հետ նիստերի մասնակցում։ Նա ծանր մեղք է գործել, և արդեն չպետք է լիներ պաշտոնի»-հավելեց Սահակյանցը։

Նա նշեց՝ մարդիկ, որոնց հետ երկու տարի չի շփվել, այսօր խոստովանում են, որ իրենց կյանքում ամենամեծ սխալը, որ արել են, ներկայիս իշխանությանը սատարելն էր։

«Կան իսկապես Նիկոլի Փաշինյանի գաղափարակիրներ, կան մարդիկ, որոնք կուրորեն հավատում են, թե Փաշինյանը մտածում է իրենց մասին և ցանկանում է իրենց համար լավ կյանք։ Կարող եմ այդ մարդկանց հիասթափեցնել՝ Փաշինյանն առաջին իսկ օրից երբևէ չի մտածել թեկուզ այն մարդկանց մասին, որոնք քվեարկել են իր օգտին։ Նա ուներ իր նպատակները։

Առհասարակ, շատ դժվար է գնահատական տալ և հարգանք ունենալ այն մարդու մասին, որի վերաբերյալ անընդհատ լսում ես՝ ինչ-որ մեկի «մարդն է»։ Մենք ամեն անգամ լսում ենք՝ մեկ սրա մարդն է, մեկ՝ մյուսի։ Ինքն իր բնությամբ ծառա է, իր թերթն է դրա ապացույցը, իր բոլոր հոդվածները։ Ինքն անընդհատ ծառայություններ է մատուցում, հիմա էլ ավելի մեծ խաղի մասնիկ է և ավելի մեծ ախորժակով»,-ասաց Սահակյանը։

Նրա խոսքով՝ անկախության հռչակումից հետո Հայաստանում եղել են ուժեր, այդ թվում՝ թուրքական, որոնք փորձել են ՀՀ-ի անկախությունն օգտագործել ի շահ իրենց։ Ըստ Սահակյանցի՝ այդպիսի ուժերն այժմ էլ կան, և դրանով է նաև պայմանավորում իշխանության ներկայացուցիչների կողմից թրքամետ հայտարարությունները։ Սահակյանցը չբացառեց նաև գումարի դիմաց այդպիսի հայտարարություններ անելու հավանականությունը։

Սահակյանցը նշեց՝ հարց է առաջանում՝ ինչու են պատգամավորներն անընդհատ ստանում պարգևավճարներ, ըստ բանախոսի՝ պատճառը պարզ է․ «Փաշինյանին անընդհատ պետք են մարդիկ, որոնց բերանը կարող է փակել գումարով, և որոնք կխոսեն ի շահ ներկայիս իշխանության՝ հնարավորություն ունենալով կուտակել, որքան կհասցնեն»,-նշեց նա։

Անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատարև Ջալալ Հարությունյանի՝ նոր պաշտոնին նշանակվելուն, Սահակյանցը հավանական համարեց գումարի հնարավոր ազդեցությունը։  «Ֆուտբոլում նման բան կա՝ երբ ուզում ես խաղն առնել, առնում ես դարպասապահին ու թիմի ավագին, դրանով ամբողջ թիմը քանդվում է։ Վախենամ, որ նման պատմություն եղել է մեր գեներալիտետի դեպքում»,-նշեց նա՝ անընդունելի համարելով զինվորականների լռությունը, քանի որ դա, ըստ Սահակյանցի, նպաստում է նաև հասարակության լռությանը։

Նա հիշեցրեց նաև Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ Արցախում արված ֆոտոշարքը, ապա նշեց՝ Փաշինյանն ասում է՝ գիտեին պատերազմի սկսվելու մասին․ «Ինձ թվում  է՝ դա Աննա Հակոբյանի ամբիցիան էր՝ «ես կլինեմ այն վերջին կինը, որն այդտեղ լուսանկար կունենա»»,-ասաց նա։