Թուրքիան փորձարկել է Atmaca թևավոր հրթիռը (տեսանյութ)
Թուրքիայի Սինոպ նահանգում այսօր փորձարկվել է Atmaca թևավոր հրթիռը: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:
Նշվում է՝ փորձարկումները բարեհաջող ընթացք են ունեցել: Հրթիռները ճշգրտորեն խոցել են նմանակված հակառակորդի թիրախը:
«Հրթիռը հաջողությամբ արձակվել է TCG Kınalıada ռազմական նավից և ճշգրիտ հարվածել թիրախին: Շնորհավորում եմ Roketsan ընկերությանը և Թուրքիայի զինված ուժերին»,- այս առնչությամբ իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում գրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
Փորձարկմանը հետևել են Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ադնան Օզբալը և Սինոպի նահանգապետ Էրոլ Կարաոմերօղլուն:
Գործակալությունը մանրամասնում է՝ հեռահար զենիթահրթիռային համալիրը մշակվել է Roketsan ընկերության մասնագետների կողմից: Այն շուտով կդրվի սերիական արտադրության:










