ԵՊՀ-ում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Արցախյան երրորդ պատերազմում զոհված համալսարանականներին (տեսանյութ)

13:58 • 05.02.21

ԵՊՀ–ում տեղի ունեցավ արցախյան երրորդ պատերազմում զոհված համալսարականների հիշատակին նվիրված միջոցառում։ Մասնակցում են զոհված հերոսների հարազատները, ընկերները, դասախոսներն ու դասընկերները։

Tert.am-ի հետ զրուցյում ԵՊՀ ուսանող Խաչիկ Պողոսյանի մայրը պատմեց՝ որդին Իրավագիտության ֆակուլտետում էր սովորում, երկրորդ կուրս էր, ժամկետային զինծառայող:

«Սոթքում էր ծառայում, պատերազմի առաջին օրվանից եղել են Քարվաճառի դիրքերում, պահել են Քարվաճառը: Մարտական առաջադրանք կատարելիս՝ հոկտեմբերի 2-ին զոհվել է: Պատերազմի օրերին, երբ զանգում էր, ոչինչ չէր պատմում, միշտ ասում էր՝ մեզ մոտ ամեն ինչ հանգիստ է: Հայրն ասում էր՝ մենք տեղյակ ենք, կարդում ենք, ծիծաղելով ասում էր՝ դե ամեն ինչ գիտեք, էլ ի՞նչ ասեմ:

Շատ զուսպ էր, նպատակասլաց, ուզում էր դատավոր դառնալ: Վերջին անգամ հոկտեմբերի 1-ին ենք խոսել, նորից նույնն էր ասում՝ ամեն ինչ հանգիստ է, մենք ստեղ ենք, պահում ենք»,-պատմեց մայրը:

Խաչիկը բանակից վերադառնալու էր այս տարվա հունվարի 17-ին:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը շնորհակալություն հայտնեց զոհված հերոսների ծնողներից հերոս դաստիարակելու համար. «Այս տղաների շնորհիվ մենք ունենալու ենք մեր պետությունը, նրանց շնորհիվ է, որ մենք շարունակելու ենք գոյատևել»:

Հիշատակի միջոցառման կազմակերպիչներից Վահագն Վարագյանը նշեց, որ պարբերաբար միջոցառումներ կազմակերպելով՝ իրենց շնորհակալությունն են հայտնելու հերոսներին, ընտանիքներին: