Մոտ ապագայում ականատես կլինենք Թուրքիայի կողմից Հայաստանի վրա ճնշման ուժեղացման. ՀՀ արտգործնախարարի հայտարարությունը չի համապատասխանում Թուրքիայի վարած քաղաքականությանը. Ռուբեն Սաֆրաստյան
Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ համապատասխանում է դեռևս 1991 դեկտեմբերի իրավիճակին, երբ նա ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց հրաժարվեց հաստատել Հայաստանի հետ հարաբերություններ։ Այդ օրվանից մինչև հիմա Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել և հիմնված է մի սկզբունքի վրա, որը միջազգային հարաբերությունների տեսությունում համարվում է հարկադրման քաղաքականություն. Tert.am-ի հետ զրույցում նշեց Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան ճնշում է Հայաստանի վրա և ստիպում, որ Հայաստանը փոխի իր քաղաքականությունը, և այդ ճնշումն ընթանում է հետևյալ երեք սկզբունքների շուրջ՝ Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման և դատապարտման քաղաքականությունից, պահանջում է, որ Հայաստանը դադարի պաշտպանել Արցախի իրավունքը, միայնակ թողնի Արցախին, երրորդ պահանջն է, որ Հայաստանը վերահաստատի, որ ինքը հավատարիմ է Կարսի պայմանագրին, որը անարդարացի պայմանագիր էր.
«Թուրքիան այս երեք խնդիրները փորձում է լուծել՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելով, ելնելով այն հանգամանքից, որ մենք չունենք ելք դեպի ծով: Թուրքիայի վարած քաղաքականության մեջ տասնյակ տարիների մեջ, այդ թվում նաև՝ այսօր, ոչ մի փոփոխություն չեմ տեսել: Այդ քաղաքականությունը շարունակվում է, և ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք Թուրքիայի կողմից Հայաստանի վրա ճնշման ուժեղացման, այնպես որ Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը բացարձակ չի համապատասխանում այն քաղաքականությանը, որ Թուրքիան վարել է Հայաստանի նկատմամբ, համոզված եմ, որ մոտ ապագայում կվարի մեծ ագրեսիվությամբ»:
Սաֆրաստյանը նկատեց նաև, որ Կարսի մոտակայքում Թուրքիայի կողմից իրականացված զորավարժությունները Հայաստանի վրա այդ ճնշման միջոցներից մեկն էր: Ըստ նրա՝ թեև դրանք պլանային զորավարժություններ էին, որոնք ամեն տարի տեղի են ունենում, բայց նրանք աչքի ընկան հարձակողական բնույթով և Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ուղեկցվում էին շատ ուժեղ պրոպագանդիստական գործողություններով:
Անդրադառնալով արտգործնախարար Արա Այվազյանի այն հայտարարությանը, որ Թուրքիայի կողմից սահմանների փակ պահելը պայմանավորված էր Արցախի ստատուս քվոյի հետ, որն ուժի կիրառման միջոցով փոխվել է և Թուրքիան այլևս պատճառ չունի սահմանը փակ պահել, Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի Արցախի շահերը պաշտպանելուց, բայց համոզված է, որ Հայաստանը չի գնա նման քայլի, չի հրաժարվի Արցախի ժողովրդի և Արցախի իրավունքները պաշտպանելուց և կշարունակի պայքարել Արցախի կարգավիճակի հարցի լուծման համար՝ Մինսկի խմբի շրջանակներում, և ավելացրեց՝ արդյո՞ք Հայաստանի արտգործնախարարը կարծում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի դրանից.
«Այո՛, մենք հիմա ունենք Արցախ, որն ավելի փոքր է, գիտենք, որ Արցախի անվտանգությունը հիմա ապահովվում են ռուս խաղաղապահները, բայց Արցախի կարգավիճակը դեռևս որոշված չէ, և ես կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը մեծագույն ջանքեր պետք է գործադրի այդ ոլորտում որոշակի ձեռքբերումներ ունենալու համար, մասնավորապես՝ Մինսկի խմբում աշխատանքները ակտիվացնելու համար, ոչ թե ասի ստատուս քվո է հաստատվել: Արցախի հարցը դեռ լուծված չէ, այն երկար կպահպանվի՝ մինչև Արցախի ժողովուրդը հասնի ինքնորոշման իրավունքի իրականացման, եթե պետությունները ճիշտ են պատրաստվում, պարտությունները վերածվում են հաղթանակի, պետք է աշխատել այդ ուղղությամբ»:
Սաֆրաստյանը մեջբերեց Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք 1920 թվականին գաղտնի հրամանն ուղղված թուրքական զորքերի հրամանատարին, որում գրված էր, որ Հայաստանը պետք է ոչնչացվի, և այդ մտադրությունը թուրքագետի համոզմամբ մնում է Թուրքիայի Հանրապետության ստրատեգիական խնդիրներից մեկը, որն պետք է հաշվի առնել:
Սաֆրաստյանն ընդգծեց, որ Թուրքիայի հետ լավ հարաբերությունները հնարավոր են, երբ Թուրքիան ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը, սակայն, որպես պետություն պետք է ձգտենք ունենալ Թուրքիայի հետ՝ որպես հարևան, նորմալ հարաբերություններ և աշխատել այն ուղղությամբ, որ Թուրքիան մեզ վրա ճնշում չգործադրի Ցեղասպանության ճանաչման համար:
«Հայաստանը երբեք չպետք է մոռանա, որ Արցախի ժողովրդի անվտանգության գարանտն է և պայքարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման և անվտանգության համար: Գոյությունն ունի հայկական հարց, որը լուծված չէ և մեր պայքարի ստրատեգիական նպատակներից մեկն է մնում, այնպես որ, այնքան էլ հեշտ չէ թուրքերի հետ հարաբերություններ կարգավորելը»,- եզրափակեց նա:










