Սպանություն կատարողներին սպանել չենք ուզում, մենք ուզում ենք, որ իրենք այստեղ չապրեն․ Ապարանում կրակոցներից մահացածների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել (տեսանյութ)

10:56 • 25.06.22

 Արագածոտնի մարզում կրակոցներ էին հնչել, որոնց հետևանքով սպանվել է երկու երիտասարդ։ Դեպքից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե  վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների և ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջև: Ըստ այդ լուրերի`վիճաբանության ընթացքում ՔՊ-ականների հարազատները ավտոմատներով կրակել են երիտասարդների վրա:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը գրառում արեց ֆեյսբուքյան իր էջում` վստահեցնելով, որ դա բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ։
Ոստիկանությունն էլ հաղորդագրություն տարածեց` ընդգծելով, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի։

Միջադեպի հետևանքով մահացածներից մեկը 27-ամյա Հմայակ Միքայելյանն է, մյուսը` 28-ամյա Տիգրան Հարությունյանը։ Տուժել են 19-ամյա Տիգրան Ղազարյանը, 33-ամյա Արմեն Բաղդասարյանը, 27-ամյա Սամվել Սանդրոյանը, 18-ամյա Հրաչյա Երեմյանը և 32-ամյա Սասուն Հայրապետյանը։ Բոլորը Ապարանի բնակիչներ են։

Այժմ հարազատները օբյեկտիվ քննություն են պահանջում, և պահանջում են, որպեսզի բացահայտվեն մեղավորները ու որ նրանք չապրեն Ապարանում։

Կրակոցներից մեկ օր առաջ վիճաբանություն է եղել, որի մասին տեղյակ է եղել ամբողջ ոստիկանությունը՝ ոստիկանապետի գլխավորությամբ, այնուհետև այդ վիճաբանությունը շարունակվել է փոխմարզպետին պատկանող գազալցակայանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ապարանում կրակոցներից սպանված Տիգրան Հարությունյանը հայրը։

«Վիճաբանությանը ներկա են եղել Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաները և Մաթևոս Ասատրյանի եղբայրը։ Մեր պահանջն այն  է, որ արդար քննություն ընթանա և բոլոր մեղավորները պատժվեն։ Բոլորի համար տարօրինակ է, որ սպանությունից մեկ շաբաթ անցել է, բայց ձերբակալվել է ընդամենը 1 հոգի»,- ասաց նա, հավելելով, որ պահանջատեր են լինելու, որ բոլոր մասնակիցները պատժվեն։

 Ապարանում կրակոցներին նախորդել է միջադեպ, որը սկսվել է մեքենայով ազդանշան տալու պատճառով, միջադեպը սկսվել է երեք երևանաբնակ ապարանցու ու Կարպոյի միջև, ով ոստիկանության աշխատակից է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ապարանում օրեր առաջ կրակոցների հետևանքով վիրավորում ստացախ և սպանված Հմայակ Միքայելյանի եղբայրը։

«Ամենասկզբից միջադեպը եղել է «Ինֆինիտի»–իի վարորդի հետ, որը նույն Կարպոն է։ Ապա միջադեպը շարունակվել է Ապարան-Քուչակ հատվածում։ Երևանից եկածներից մեկը 2 անգամ օդ է կրակել։ Իրեն ասել են, որ պահի զենքը ու գնան այնտեղից։ Հաջորդ օրը  գնացել են Էդգար Փարվանյանի  հորեղբոր տղայի՝ Ռոմանի մոտ, իբրև թե նրա միջոցով հարցեր պարզելու, Ռոմանն էլ սկսել է կապվել դեպքի մասնակիցների հետ։ Ռոմանն է կանչել միջադեպի մասնակիցներին Նիգավան»։

 Ժորա Փարվանյանը՝ Ռոման Փարվանյանի հայրն սակայն իր որդու հասցեին պնդումները հերքում է․«Ռոմանը չի զանգել հրավիրել, հակառակը՝ ինքն ասել է՝ չգաք գազալցակայան։ Երևանից եկած երեք տղաների հետ ընկերություն չի արել Էդգարը, կարող է ճանաչել է, ես չգիտեմ։ Ես չգիտեմ Ռոմանին տարել են այդ օրը ոստիկանական բաժին, թե ոչ, ես տանն էլ չեմ եղել դեպքի օրը։ Բանդա է ստեղծվել, ամեն ինչ լավ կազմակերպված է եղել, շատ լավ ամեն ինչը արված է։ Իրավապահ մարմինները կպարզեն»,- ասաց նա։