Արցախի Մարտակերտի վերին ենթաշրջանում մոտ 40 րոպե տեղացած կարկուտը նյութական վնասներ է պատճառել

17:27 • 26.06.22

Արցախի Մարտակերտի վերին ենթաշրջանում մոտ 40 րոպե տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը գետնին է հավասարեցրել բանջարաբոստանային մշակաբույսերը, բերքատու ծառերը, վնասել էլեկտրալարերն ու բնակելի տների տանիքներն ու պատուհանները։
 
Էլեկտրասյունը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Վնասվել է ևս 3 տրանսպորտային միջոց։

Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Զարդախաչ գյուղում կազմել է 2սմ, Վերին Հոռաթաղում` 3սմ։

Կարկուտի տեսքով ուժեղ տեղումներ են գրանցվել Գետավանում, Խնկավանում, Վաղուհասում և հարակից մյուս բնակավայրերում։

Կարկուտն ամենաշատը տեղացել է Հաթերքում, որի շերտը հասել է 5սմ-ի։
Համայնքներում իրականացվում են վնասի գնահատման աշխատանքներ։ »,- ասվում է հաղորդագրության մեջ։