Մարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են Audi Q5-ը և ՎԱԶ-21015-ը. կան տուժածներ և 1 զոհ

18:16 • 12.11.22

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 12-ին ժամը 13:50-ին ահազանգ է ստացվել, որ Լիճք-Գավառ ավտոճանապարհին բախվել է երկու ավտոմեքենա. կան տուժածներ, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին բախվել են ՎԱԶ-21015 (վարորդ՝ Ս. Հ.) և Audi Q5 (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1952 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Audi Q5-ի վարորդը, ուղևորներ Ս. Հ.-ն (ծնված 1997 թ.) և Թ. Հ.-ն (ծնված 1976 թ.) տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են Audi Q5 ավտոմեքենան և դուրս բերել ուղևոր Զ. Ա.-ին (ծնված 1930 թ.), որը ևս հոսպիտալացվել է Մարտունի քաղաքի ԲԿ. առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները փակել են ՎԱԶ-21015 ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: