Ադրբեջանական զինուժը Խրամորթի ուղղությամբ կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ. կա տուժած (լուսանկարներ)

21:53 • 12.11.22

Նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմանում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:

Դեպքի վայր մեկնած շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմանում, Խրամորթ գյուղի բնակիչներ 27-ամյա Ս.Վանյանի և 45-ամյա Ա.Հայրապետյանի ուղղությամբ նշված գյուղի վարչական տարածքի «100 հեկտար» կոչվող տեղանքում, «Տ-150» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից  կրակ է արձակվել։

Կրակոցներից կոտրվել են տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։ Կոտրված դիմապակու կտորները դիպել են Ա. Հայրապետյանի դեմքին`պատճառելով մարմնական վնասվածքներ:

Վերջինս տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։

Նյութերը տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։